Պանաման կասեցրել է օֆշորային սկանդալի հետաքննությունը
Պանամայի իշխանությունները կասեցրել են տեղի իրավաբանական Mossack Fonseca ընկերության փաստաթղթերի արտահոսքի մասին գործի հետաքննությունը, որոնցից պարզ էր դառնում, որ ընկերությունն օգնել է հայտնի օտարերկրյա քաղաքական գործիչներին, գործարարներին, ընկերություններին ստեղծել օֆշորային հաշիվներ և դրանք կառավարել, հայտնում է BBC-ն։
Երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ հետաքննությունը կասեցնելու պատճառ է դարձել բողոքը, որը ներկայացվել է Պանամայի Սահմանադրական դատարան՝ քննիչների գործողությունների դեմ։
Բողոքի հեղինակի կարծիքով՝ հետաքննության մասնակիցները խախտում են Սահմանադրությունը։
Դատախազությունից չեն նշել, թե ով է հատկապես ներկայացրել բողոքը և ինչպես։ Հայցվորի կարծիքով՝ հետաքննության գործողությունները հակասում են Պանամայի Սահմանադրությանը։
Գործի հետաքննությունը չի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բողոքը չի քննվել Սահմանադրական դատարանում։
Mossack Fonseca-ի միլիոնավոր կոնֆիդենցյալ փաստաթղթերի արտահոսքի մասին հայտնի դարձավ 2016թ. ապրիլին։
Փաստաթղթերում հիշատակվում են երկրների ներկայիս և նախկին առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ ու մշակույթի գործիչներ։