Արմեն Մարտիրոսյանը խիստ ժվարանում է պատասխանել՝ ով է լինելու Հովիկ Աբրահամյանի ընտրողը. «Առավոտ»

«Չեմ կարող բացառել, որ Հովիկ Աբրահամյանը կսկսի Սերժ Սարգսյանի դեմ աշխատել, որովհետեւ ՀՀ-ում կառավարման համակարգը ոչ թե գաղափարական սկզբունքների շուրջ է կառուցված, այլ ռեսուրսների բաշխման շուրջ է: Իսկ քանի որ ռեսուրսները քչանում են Հայաստանում, բնական հակասություն է առաջանում անձնական շահերի տեսանկյունից ու համակարգից դուրս է գալիս այս կամ այն անձը»,- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունը:

Ըստ նրա, միայն այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում չի լինի, դա մեծ հարված է Սերժ Սարգսյանի եւ իշխանության համար. «Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետն է եղել եւ որեւէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որտեղ ով պետք է աշխատի, ինչ թիմերով: Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար: Այնպես չէ, որ ինքը միակն է եւ իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որեւէ մեկը չի ունեցել»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի, պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն չէ, բայց նաեւ ակնհայտ է, որ իշխանություն էլ չէ, ոչ իշխանական է: Բայց մի հարցում Արմեն Մարտիրոսյանը խիստ դժվարանում է պատասխանել՝ ով է լինելու Հովիկ Աբրահամյանի ընտրողը. «Որ գտնեք՝ ինձ էլ ասեք: Չեմ պատկերացնում ով կգնա նրա հետեւից: Նախկին պաշտոնյաներ կան, որոնց պարագայում կարող ես ասել, թե ով կգնա իր հետեւից, իսկ Հովիկ Աբրահամյանի պարագայում դժվարանում եմ ասել»:

Տեսանյութեր

Լրահոս