Գագիկ Ծառուկյանը զայրացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի մոտ «շտապողների» շարքերը ստվարանում են։ Լավատեղյակներն ասում են՝ ով ասես, որ չի ձգտում այս օրերին հանդիպել նրան, օգտվել Ծառուկյան «շոգեքարշից»։ Ամենայն հավանականությամբ, այս դաշինքը շատ խայտաբղետ է լինելու՝ ռամկավարներից մինչեւ հնչակներ, ազատականներից մինչեւ պահպանողականներ, նախկին ՀԱԿ անդամներից մինչեւ իշխանության թեւից փախածներ։
Եվ չնայած Ծառուկյանն ի սկզբանե հակված էր շատ մեծ դաշինք ձեւավորելուն, որի մեջ կարող էին մտնել նաեւ Սեյրան Օհանյանի շուրջ միավորվող ուժերը, անգամ Նիկոլ Փաշինյանն ու եռյակ կազմած «Ելքը», սակայն, ըստ ամենայնի, «դաշինքներից կազմված դաշինք» չի ձեւավորվելու։ Իրեն հաճախ այցելող Սեյրան Օհանյանին Ծառուկյանը հասկացրել է, որ նեղացած է նրանց պահվածքից՝ չէ՞ որ նրանք իրենց դաշինքի մասին հայտարարեցին նույն օրը, Ծառուկյանի հայտարարությունից մի քանի ժամ անց։ Ճիշտ կլիներ, որ սպասեիք, բանակցեիք, նոր հայտարարեիք՝ մոտավորապես ասել է Ծառուկյանը։
Իսկ երբ խոսք է գնացել համագործակցության ձեւի եւ ցուցակների կազմման մասին, Ծառուկյանը զայրացել է․ «Իմ ժողովրդին ի՞նձ եք ծախում»։ Ասել է նա, նկատի ունենալով Օսկանյանին, Էլինար Վարդանյանին, Վահե Հովհաննիսյանին, ովքեր ԲՀԿ-ից են պատգամավոր դարձել։
Նա նաեւ հասկացրել է, որ մի քանի անդամ ունեցող Դեմոկրատների Արամը, վերլուծաբաններ Թեւանյանն ու Բոզոյանը չեն կարող «ոտք գցել» Ստեփան Դեմիրճյանի, Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի հետ, ովքեր այս օրերին բանակցում են Ծառուկյանի դաշինք մտնելու շուրջ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: