Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ են լինելու Արարատի մարզում նրա ունեցած ազդեցությունից ձերբազատվելուն. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հաստատեց տեղեկությունները, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ այդ մասին այսօր հայտարարությամբ հանդես կգա: Երեկվա դրությամբ, սակայն, ՀՀԿ-ում Աբրահամյանից դիմում դեռ չէին ստացել:

Նախկին վարչապետի երեկվա աղմկոտ հայտարարությունից հետո ՀՀԿ-ի կուլիսներում սկսեցին խոսել, որ Աբրահամյանի հեռանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ են լինելու Արարատի մարզում նրա ունեցած ազդեցությունից ձերբազատվելուն: Այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ արվել են:

Մեր տեղեկություններով, մինչեւ ընտրությունները իշխանություններն էլ ավելի կամրապնդեն իրենց դիրքերն այդ մարզում:

Հնարավոր է, մարզպետի պաշտոնից ազատվի նաեւ Ռուբիկ Աբրահամյանը, որը Հ. Աբրահամյանի մտերիմն է եւ այդ պաշտոնին է նշանակվել վերջինիս՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո եւ նրա աջակցությամբ: Կազատվեն Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող այլ չինովնիկներից կամ նրանց կհանձնարարվի խաղեր չտալ:

Մարզում հնարավորինս կուժեղացվեն «Ավշար» գործարանի սեփականատեր եղբայրներ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների դիրքերը, որոնք լարված հարաբերություններ ունեն Աբրահամյանների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս