Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական չորս փաստաթուղթ են ստորագրել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ չորս փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքացիների՝ առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին:
ՀՀ կառավարությունը հունվարին վավերացրել է Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագրում փոփոխությունների նախագիծը, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Այդ որոշումն ուղղված է զբոսաշրջային այցերի խթանմանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչ ամառ համապատասխան ներպետական ընթացակարգերը ավարտին կհասցվեն:
Բացի այդ, ՌԴ արդյունաբերության և առևտրի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրը և 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը:
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ»-ի միջև ստորագրվել է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության օպերատիվության բարձրացման և տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն: