«Հայաստան-Իրան-Թուրքմենստան համագործակցությունը բավականին հետաքրքիր ու հեռանկարային ռազմավարական ուղղություն է». Արմեն Մանվելյան
«Հայաստան-Իրան-Թուրքմենստան համագործակցությունը բավականին հետաքրքիր ու հեռանկարային նոր ռազմավարական ուղղություն է: Դժվար է այսօր խոսել այդ համագործակցության ձևաչափերի մասին, բայց հեռանկարային է այն առումով, որ Հայաստանն այդ պետությունների հետ առանձին համագործակցության ավանդույթներ ունի: Երկար տարիներ Թուրքմենստանն է եղել գազի հիմնական ներմուծողը Հայաստան, նմանատիպ համագործակցության բավականին էֆեկտիվ ծրագիր կա Իրանի հետ: Հետևաբար՝ այս երկու համագործակցության ձևաչափերը հույս են տալիս ասելու, որ այս եռաչափ համագործակցությունն էլ որոշակի հեռանկարներ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին։ Հանդիպմանը քննարկվել էին էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել էին էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:
Ըստ փորձագետի՝ առհասարակ էներգետիկ համագործակցությունն իր ձևաչափով միշտ բավական արդյունավետ է, երբ այն բազմակողմ է, այսինքն՝ ոչ միայն երկու երկրների միջև համագործակցություն է, այլ որոշակի համակարգային համագործակցություն է, որի մեջ ներգրավված են 2-3 և ավելի երկրներ. «Նմանատիպ համագործակցությունը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծումը, և հնարավորություն է տալիս դառնալ տրանզիտային պետություն, ինչպես նաև՝ հնարավորություն է տալիս նաև արտահանել այն էներգակիրները, որ տվյալ պետությունում արտադրվում են»:
Խոսելով Իրան-Հայաստան-Թուրքմենստան համագործակցության ձևաչափի խոչընդոտների մասին՝ Ա. Մանվելյանն ասաց, որ դրանք շատ են. «Հիմնական խոչընդոտներից է այն, որ համագործակցության այս ձևաչափն իրավական առումով դեռ ձևակերպված չէ, տարբեր պայմանագրեր դեռ չկան: Խոչընդոտ են նաև տեխնիկական խնդիրները՝ Իրանից մեծ թվով գազ ներմուծելու հնարավորություն դեռ չունենք: Տարածաշրջանում էներգետիկ առումով գերիշխող տարբեր երկրներ կան. Ռուսաստանը, Ադրեջանը, Վրաստանը և այլն: Այսինքն՝ խոչընդոտները շատ են, բայց բոլորն էլ հաղթահարելի են»:
Նա ընդգծեց, որ էներգետիկ ոլորտում ցանկացած համագործակցություն Թուրքմենստանի համար ցանկալի է՝ անկախ երկրի մեծությունից, սպառման ծավալներից, որովհետև, նրա խոսքով՝ Թուրքմենստանն իր էներգակիրների արտահանման խնդիր ունի. «Այսօրվա դրությամբ Թուրքմենստանը գազ արտահանում է միայն Չինաստան, Ռուսաստանի հետ նրա համագործակցությունը ժամանակավորապես սառեցված է, Իրանի հետ կապված որոշակի խնդիրներ ունի գնի վերաբերյալ, հետևաբար՝ արտահանման ցանկացած հնարավորություն հետաքրքրում է Թուրքմենստանին: Բացի դրանից՝ նա Հայաստանը կարող է դիտարկել՝ որպես տարանցիկ երկիր, իր գազն արտահանելու համար դեպի Վրաստան, այնտեղից՝ Եվրոպա: Հետևաբար՝ էներգետիկ ցանկացած համագործակցությունից Թուրքմենստանը կկառչի»:
Հարցին՝ թուրքմենական գազը որքանո՞վ ձեռնտու կլինի Հայաստանին՝ գնային առումով, նա պատասխանեց, որ գազի գինը ձևավորվում է միջպետական համագործակցության արդյունքում. «Եթե պետությունների միջև հարաբերությունները ռազմավարական են, գազի գինը կարող է ցածր լինել, իսկ եթե ոչ, ապա՝ բարձր: Հետևաբար՝ գազի գնի մասին այս պահին վաղ է խոսել, բայց թուրքմենական գազը համարվում է էժան»: