«Մոտակա շաբաթներին ՀՀ-ԵՄ քննարկումը վերջնական տեսքի բերելու հեռանկար կա». Սվիտալսկի

«ՀՀ-ԵՄ բանակցություններում լուծման ենթակա, լրացուցիչ ջանք պահանջող հարցերի, խնդիրների թիվը բավական  սահմանափակ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԵՄ-ն մինչ ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրի։

Սվիտալսկիի պնդմամբ՝ ԵՄ-ն  կաշկանդված չէ ներքաղաքական օրացույցի զարգացումներով։ «Այն, ինչ տեսա ՀՀ-ում անցկացված բանակցությունների 9-րդ փուլում, հետևյալն էր՝ երկու կողմերի բանագնացները  հատուկ նվիրումով ջանք են գործադրում, որպեսզի վերջնական տեսքի բերվեն բանակցությունները, առաջընթացը տպավորիչ է։ Դեռևս լուծման ենթակա, լրացուցիչ ջանք պահանջող հարցերի, խնդիրների թիվը բավական  սահմանափակ է։ Ես կարծում եմ, որ հեռանկար կա քննարկումը մոտակա շաբաթներին վերջնական տեսքի բերելու վերաբերյալ»,- պարզաբանեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Նա վստահեցրեց, որ ԵՄ-ն պատրաստ է  անհրաժեշտ բոլոր ջանքերը,  ժամանակը, էներգիան մոտակա շաբաթների ընթացքում  այս ուղղությամբ ծախսել, գործադրել, որպեսզի համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ  ժամանակի տևողությունը բավական կարճ լինի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս