Դոլարային ներհոսք՝ Հայաստան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են: Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը:
Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչեւ անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի: Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն օտարերկրյա փայատերեր, ուստի կապիտալի ավելացման նպատակով վերջին շրջանում բավականին մեծ ծավալների արտարժույթ է հոսել Հայաստան: Այդ արտարժույթը փոխանակվել է ՀՀ դրամի եւ ներդրվել որպես հիմնական կապիտալ: Արդյունքում, պատկերավոր ասած, արտարժույթի քանակը ավելացել է եւ նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար:
Փորձագետների կարծիքով, սակայն, այդ ռեսուրսը անսպառ չէ, եւ եթե ժամանակի ընթացքում մասնավոր տրանսֆերտների եւ արտահանման ծավալները չաճեն եւ արտարժույթի կայուն ներհոսք չապահովվի, ապա դա կարող է ճնշում առաջացնել դրամի վրա եւ ստիպել արժեզրկվել: Ըստ որոշ հաշվարկների՝ բանկերի կապիտալի համալրման համար ներհոսած արտարժույթի ծավալը կարող է ապահովել դրամի կայունությունը մի քանի ամիս միայն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: