«Հայաստանում ընդամենը մեկ գաղափարախոսություն կա». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հայաստանում վաղուց գաղափարական արևմտամետներ և ռուսամետներ գոյություն չունեն, և այստեղ ընդամենը մեկ գաղափարախոսություն կա՝ ինչպե՞ս մտնել խորհրդարան: Նա այդպես է բացատրում ՀՀ արտաքին ուղղության վերաբերյալ տարբեր կարծիք ունեցող ուժերի միավորումը, որոնց միակ նպատակը, ըստ նրա՝ խորհրդարան մտնելն է. «Եթե դրա համար պետք է լինել արևմտամետ, կլինեն արևմտամետ, երբ պետք լինի ներկայանալ ռուսամետ, կներկայանան ռուսամետ: Նրանց համար այստեղ սկզբունքային հարց չկա»:
Ինչ վերաբերում է առհասարակ դաշինքների ստեղծմանը, ապա, ըստ նրա՝ Հայաստանում դաշինքներ չկան, կան մի քանի ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք կարող են միայնակ որոշակի գործողություններ իրականացնել. «Այդ դաշինքները հիմնականում ուժի ցուցադրման գովազդն են, ինչն ընտրությունների ժամանակ էական դերակատարություն չի էլ ունենալու: Դաշինքները ձևավորվում են գաղափարապես շատ մոտ ուժերի միջև, որոնք հավասար ռեսուրսներ ունեն բոլոր ոլորտներում, իսկ Հայաստանում դաշինքների ձևավորման ժամանակ տեսնում ենք ընդամենը գլխաքանակ լրացնելու գործընթաց: Ընդամենն ուժի ցուցադրման, իսկ ընտրությունների կտրվածքով՝ անարդյունավետ միջոցառում է: Նրանք, ովքեր դաշինքներ են ձևավորում, իրենց կցում են որոշակի մարդ-կուսակցությունների՝ փորձելով ցույց տալ, թե իրենք այնքան լավն են, այնքան հզոր են, որ ուրիշները միանում են իրենց»:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ կուսակցություններն ունեն անձեր, որոնց միջոցով զբաղվում են իրենց PR-ով. «Հանրապետական կուսակցության համար այդ անձը Կարեն Կարապետյանն է, որի անձով էլ ՀՀԿ-ն փորձում է խորհրդարան մտնել: ԲՀԿ-ի համար կարևոր անձը Գագիկ Ծառուկյանն է, որովհետև նրա հետ է կապված այդ կուսակցության լինել-չլինելու հարցը, հետևաբար՝ ԲՀԿ-ն պետք է Ծառուկյանի շնորհիվ փորձի մտնել խորհրդարան: «Համախմբում» դաշինքի հիմնական անձն էլ լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի շուրջ է ձևավորվում այդ դաշինքը»:
Հարցին՝ ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, սակայն դեռևս ինչ-որ կազմավորումներ են տեղի ունենում, ու ծրագրեր այդպես էլ չենք տեսնում, պատճառը ո՞րն է, նա այսպես պատասխանեց. «Դա քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին լուրջ չվերաբերվելու արդյունք է, բայց դա բոլորին չի վերաբերում:
ՀՀԿ-ն արդեն սկսել է իր անուղղակի քարոզարշավը, «ԵԼՔ»-ը քարոզարշավի հետ կապված ինչ-որ միջոցառում իրականացրեց, չնայած՝ ծրագիր չի ներկայացրել, «Համախմբումից» էլ են ելույթներ հնչում, որոնք ձգելով՝ կարելի է դարձնել ինչ-որ ծրագրային ելույթներ, և ՀԱԿ-ի ղեկավարը 2016-ի վերջին հստակ ծրագիր նշեց: Սա խոսում է այն մասին, որ լուրջ չեն վերաբերվում ընտրություններին ու երևի մտածում են, թե վերջին 20-25 օրում, քարոզարշավի ժամանակ, կհասցնեն ծրագիրը ներկայացնել, բայց դա շատ ուշ է: 25 օրվա ընթացքում նրանք չեն հասցնի ծրագիրը տեղ հասցնել, ներկայացնել գուցե հասցնեն»: