«Այսօր կուսակցությունը փորձում է բոլորին իրենց տեղը դնել». ՀՀԿ-ական պատգամավոր

«Այսօր հիմնականում դաշինքները ձևավորվում են իշխանության գալու համար»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ քաղաքական դաշտի կայացման համար շատ կարևոր է, թե որ դաշինքն ինչի  է գնում. «Տեսնում եմ, որ փորձում են ինչ-որ գաղափարական հենք ստեղծել, կամ գոնե դրա իմիտացիան ստեղծել, որ կա եվրոպամետություն, չգիտեմ՝ ինչամետություն։ Այսօր հիմնականում դաշինքները ձևավորվում են իշխանության գալու համար, որոշ ուժեր էլ՝ այդ ճանապարհին մանդատ ստանալու համար։ Այսինքն՝ կան որոշ փոքր կուսակցություններ, որոնց համար տարբերություն չկա՝ որտեղ  կլինեն, միայն թե  մանդատ ստանան»։

ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ ռեյտինգային համակարգը նաև ինքնամաքրման պրոցես կարող է տանել կուսակցություններում. «Կուսակցություններում կան տարբեր մարդիկ. մարդիկ, ովքեր ունենք նյութական ռեսուրսներ, և մարդիկ, ովքեր ունեն գաղափարներ։

Պայքար չէի ասի, բայց ՀՀԿ-ում այդ մարդկանց մեջ մրցակցություն է գնալու տարածքներում առաջադրվելու ժամանակ։ Այդ մրցակցությունը նաև օգնելու է ընդդիմությանը, որ ընտրություններն ինչ-որ չափով մաքուր լինեն։ Այսինքն՝ այնտեղ մասնակցելու են ՀՀԿ-ի այն մարդիկ, ովքեր իրոք չունեն այդ նյութական ռեսուրսները, բայց ունեն ավելի շատ կենսագրություն, սկզբունքներ։ Սա այդ ընտրակարգի դրական մասն է։ ՀՀԿ-ն իրոք ունի ռեսուրսներ։ Վարչական, նյութական ռեսուրսներից բացի՝ նաև մարդկային ռեսուրսներ, դա ինչ-որ տեղ դրական է, ինչ-որ տեղ՝ բացասական, որ, այո, իրենց միջև մրցակցություն է լինելու։ Այսօր կուսակցությունը փորձում է բոլորին իրենց տեղը դնել՝ գործարար են՝ գործարար լինեն, օգտակար են խորհրդարանում՝ խորհրդարանում լինեն։ Այս խնդիրը փորձում են լուծել, ու դա շատ խիստ է դրված ՀՀԿ-ում»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս