Աշոտ Մանուչարյանը շփումների մեջ է ամբողջ քաղաքական դաշտի հետ
«Եթե մոտակա 3, 4, 5 ամսում մենք վերակառուցեցինք երկիրը, նոր ձևով մտանք՝ մտանք, եթե՝ ոչ, աշխարհի հողմերն են մեզ տանելու»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հիմա գոյատևում է մի աշխարհում, որը շատ արագ փոխվում է, աշխարհն է ճգնաժամի մեջ, ու հիմա հսկայական վերակառուցումներ են լինելու աշխարհում։ Ըստ Մանուչարյանի, խնդիրների խնդիրը մեկն է՝ ի վիճակի՞ է Հայաստանն ընկալել այդ նոր իրողությունները և կարողանալ վերակառուցել ինքն իրեն, որպեսզի և՛ դուրս գանք ճգնաժամից, և՛ այդ նոր՝ վերակառուցվող աշխարհում տեղ ունենանք։ «Մեր քաղաքականությունն ասաց՝ ոչ, ես ի վիճակի չեմ, ոչ թե կոնկրետ իշխանությունը, որևէ մեկը, այլ մինչև այսօր առայժմ պատասխաններն այդպիսին են։ Անգամ, եթե ինչ-որ մարդկանց, ընդդիմության մեջ կար ինչ-որ ներուժ, այն ավելի շուտ հիշեցնում է ձուն, և ոչ թե՝ արդեն ձվից դուրս եկած թռչունը, այսինքն՝ ներուժ ունեն, բայց դրսևորում չկա։ Այս պահին առայժմ այդպես է։
Մենք չենք կարողանում դեռևս հասնենք այդ վիճակին, որ այդ դրսևորումը լինի։ Հետևաբար՝ քաղաքական դաշտում միայն բան փոխելը Հայաստանում առայժմ չի ստացվում, պետք է մի ուրիշ բան լինի, մարդկանց խումբ, որը կարողանա դուրս գալ, գործընթաց տանել ու օգտագործել այդ ընտրական գործառույթները (երբ ուշադրություն, հայտարարություն, էներգիա ավելի շատ է ծախսվում), որպեսզի Հայաստանը փոխված դուրս գա այս վիճակից։ Հայաստան ասելով՝ հասկանում եմ այն, որ, եթե ներհայաստանյան ներուժը չի հերիքում այդ պրոցեսի համար, մեզ համար շատ կարևոր հեռանկար է հայության ամբողջականացումը և հայության ներուժով դա անելը»,- նշեց Ա. Մանուչարյանը։
Մեր զրուցակիցը համոզված է, որ, եթե իր ասածը չկարողանան անել, մենք այդ «փոփոխվող» աշխարհում լինելու ենք «ֆուտբոլի գնդակի» նման, և ով որտեղ ուզենա՝ մեզ «նետելու» է. «Անփոփոխ պահպանել, ինչպես երազում են մեր պետական պաշտոնյաները, որոնք այս վերջին տարիներին հարմարվել են, ունեն կողոպտելու, շռայլ կյանքով ապրելու հնարավորությունը, այդ ամեն ինչն անհեթեթություն է, մեռնող հոգեվիճակ է, այդ մարդիկ չեն հասկանում, իրենք մինչև վերջ էլ գլորելու են իրենց հանրապետությունը։ Մոտակա 3, 4, 5 ամսում եթե մենք վերակառուցեցինք երկիրը, նոր ձևով մտանք՝ մտանք, եթե՝ ոչ, աշխարհի հողմերն են մեզ տանելու՝ պարտադրելով այդ բաները»։
Հարցին, թե՝ ի՞նչ ճանապարհով եք դա տեսնում, եթե ոչ՝ ընտրությունների, ապա հեղափոխությա՞ն, Ա. Մանուչարյանն այսպես արձագանքեց. «Ընտրությունն ամենամեծ խաբեությունն է։ Այդ ամբողջը գրպանահատության գլուխգործոց է, Հայաստանում եղել է արդեն մոտ 10 ընտրություն, այդ ընտրություններից հետո Հայաստանում որևէ բան փոխվե՞լ է։ Այնպես որ, դա բացարձակ խաբեություն է։ Հեղափոխությունը նշանակում է՝ իրերի դրվածքը կտրուկ փոխել։ Ես մասնակցել եմ 1988-90 թվականների հեղափոխությանը, այդ հեղափոխության ընթացքում ոչ մեկից մի մազ չի պակասել, ավելին, հեղափոխության ընթացքում Հայաստանում հանցագործությունների քանակը 100, 1000 անգամ փոքրացել է, հանցագործություն չի եղել։
«Հեղափոխություն» բառից պետք չէ վախենալ, «գերեզման» բառից է պետք վախենալ, հիմա հիվանդացած մարդիկ Հայաստանը վերածում են գերեզմանոցի։ Մենք ոչ թե կոչ ենք անում այդ մարդկանց խփել, ջարդել, փշրել և այլն, այլ ասում ենք՝ հիվանդացած վիճակում են։ Հիմա առողջները, ովքեր կարող են ու հասկանում են՝ ինչ է կատարվում, պետք է մտնեն, գործընթացն ապահովեն, որպեսզի քաղաքական մասի առողջ մասին կարողանան տանել։ Եթե կառավարական, իշխանական համակարգերում կան առողջ մարդիկ, իրենց հետ տանեն, եթե չկան, իրենք հետո կտեսնեն՝ ինչ է, ու կամաց-կամաց այդ գործընթացն իրենց կառողջացնի»։
Մեր այն հարցին էլ, թե՝ Ձեր նշած, առողջ մտածող, հասկացող մարդիկ շա՞տ են, և ովքե՞ր են նրանք՝ Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ նրանք բավականին շատ են, բայց եթե ինքը տա, օրինակ, կուսակցության ղեկավարի անուն՝ Գևորգ Հովսեփյան, նրա մասին քչերն են լսել, որովհետև, նա համոզված է, որ բոլոր թերթերն ու լրատվամիջոցները մոտենում են նրանց, ովքեր գրպանահատությունը համարում են օրինական վարքագիծ, գրպանահատությունը, որը կոչվում է ընտրություններ, նույնպես համարում են օրինական։
«Իսկ երբ մարդը խոսում է մարդու խորքային էությունից, նրա նպատակներից, իրական Հայաստանից և այլն, լրատվամիջոցները երբեք չեն մոտենում այդ մարդուն, որովհետև դա հետաքրքիր չէ, կարևոր չէ։ Կարևորն ու հետաքրքիրն այն է, թե ինչպես են այդ երկու օլիգարխները՝ գումարած երեք քաղաքական գործիչները, իրար խաբելով՝ իրար գրպանից բան հանում»,- նշեց Ա. Մանուչարյանը։
Մենք նրան խնդրեցինք նշել քաղաքական ուժերի, գործիչների անուններ, ում հետ իրենք այս պահին բանակցությունների, շփումների մեջ են։ Ի պատասխան՝ Ա. Մանուչարյանն ասաց.
«Ես վարում եմ այդ խոսակցությունը, ինչ ձեզ հետ եմ վարում, այնպես չէ, որ ձեզ մի բան եմ ասում, Սերժ Սարգսյանին կամ Ծառուկյանին, մյուսին ուրիշ բան եմ ասում։ Օրինակ, Սերժ Սարգսյանի հետ միայն ձեր միջոցով եմ շփվում։ Ես բոլորին այդ ուղերձներն ուղարկում եմ և ասում եմ՝ ինչպես է։ Ես ամբողջ քաղաքական դաշտի հետ խոսում եմ և շարունակելու եմ խոսել։ Կյանքը ցույց կտա՝ ով կգա և կհամաձայնի սրա հետ։ Մինչև վերջին վայրկյանը, մինչև այդ պահը, որ կոչում են ընտրություն, իշխանության ձևավորում և այլն, այդ գործընթացները շարունակվելու են։ Բոլոր դեպքերում, Հայաստանը դուրս է գալու նոր վիճակով։ Չհասկացողները, որոնք կպահպանեն հին վիճակի բաները, ու իրենց կթվա, թե պաշտոններ են պահպանել կամ ձեռք բերել, իրենք ձեռք են բերելու ոչինչ, որովհետև նոր աշխարհի տրամաբանությունը լինելու է լրիվ ուրիշ, իսկ նրանք, ովքեր կընկալեն, կստեղծեն համապատասխան կառույցներ, նրանք կլինեն համաշխարհային գործընթացներին մասնակիցներ»։
Ա. Մանուչարյանը նշեց, որ արդեն ձևավորված ընդդիմադիր դաշինքները նույնպես շփվում են իրենց հետ՝ ամենատարբեր ձևերով։ Մեր ճշտող հարցին, թե կոնկրետ ո՞ր դաշինքն է շփվում իրենց հետ, Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ շփումների մեջ են բոլորի հետ։