«Մենք հույս ունենք, որ «Ժառանգությունը», դեռ հնարավոր է՝ միանա մեզ». Էդմոն Մարուքյան
Վաղը՝ հունվարի 21-ին, տեղի կունենա «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Ելքի» անդամ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կքննարկեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված գործընթացները։
ԼՀ խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ համաժողովում կլինեն ելույթներ, կներկայացվեն մոտեցումներն ու ծրագիրը, որը նախընտրական ծրագրի հիմքն է լինելու, իսկ բուն նախընտրական ծրագիրն ավելի ուշ և ավելի մանրամասն կլինի։ Համատեղ ցուցակ համաժողովում չի ներկայացվելու։ Ըստ Է.Մարուքյանի՝ ընտրացուցակ ներկայացնելը դեռ վաղ է։
Նա հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ միության հարց «Ելքում» չի քննարկվել։
«Բանակցությունները շարունակվում են «Ժառանգություն» կուսակցության հետ։ Մենք հույս ունենք, որ «Ժառանգությունը», դեռ հնարավոր է՝ միանա մեզ։ Այդ ուղղությամբ քննարկումներ կան, և այս պահին ես ավելի բնական ու հնարավոր եմ համարում «Ժառանգության» միացումը՝ նաև արժեքային համակարգի տեսլականի առումով»,- ասաց Մարուքյանը։