Բաժիններ՝

«Այս տարին կարող է շրջադարձային լինել հայ մշակույթի համար». Աբգար Ափինյան

Այսօր Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին մշակութային քաղաքականություն և քաղաքական մշակույթ կապերը, անդրադարձ կատարեցին նախընտրական գործընթացներին՝ ներկայացնելով իրենց սպասելիքներն առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

«Այս տարին կարող է շրջադարձային լինել հայ մշակույթի համար, միայն մի պայմանով՝ եթե Մշակույթի նախարարությունը կարողանա կյանքի կոչել մեկ խնդիր»,- ասաց Աբգար Ափինյանը: Նա հավելեց, որ նախարար Արմեն Ամիրյանի առջև բազմաթիվ խնդիրներ չի դնում, այլ միայն մեկը.

«Անցած 25 տարիներին այն մարդիկ, ովքեր մշակույթ են կերտել ու ստեղծել, շատերը եղել են դիտորդի կարգավիճակով՝ գրողները նայել են, թե ինչպես են գրականության հետ կապ չունեցող մարդիկ զբաղվում գրականությամբ, թատրոնի, կինոյի մարդիկ շատ հաճախ ականատես են եղել, թե ինչպես է թատրոնը և կինոն աղավաղվում, այլակերպվում այդ ոլորտների հետ կապ չունեցող մարդկանց ջանքերով, իրապես կոչումով երաժիշտներն ու երգիչները լսել են, թե ինչպես են երգում համապատասխան տվյալներ չունեցող և դրա հետ կապ չունեցող մարդիկ… Սա անցյալն է, և ընդամենը միակ խնդիրը, որ ես դնում եմ հայրենի կառավարության առջև, ցավոք սրտի, առ այսօր կյանքի կոչված չէ: Վերջապես ասպարեզում և հրապարակի վրա պետք է հայտնվեն ստվերում մնացածները, ովքեր ստեղծում են իրական արվեստ»:

168.am-ի հարցին ի պատասխան՝ իսկ ովքե՞ր են եղել այդ մարդիկ, ովքեր «նվաճողաբար» այսքան տարի զավթած են պահել ողջ մշակութային ոլորտը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը պատասխանեց. «Պատասխանը պարզ է, կարծում եմ ՝ միջակությունների դարաշրջան ենք ապրում»:

Կարդացեք նաև

Ասուլիսի մասնակից, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ի տարբերություն Աբգար Ափինյանի, որևէ սպասելիք չունի: Նա կարծում է՝ ժողովուրդը կամ հասարակությունը, որ իրականում նույնն է, որևէ սպասելիք և ակնկալիք չպետք է ունենա, այլ՝ հստակ պահանջներ, և դրանք ներկայացնի իշխանությանը.

«Որքանով ճիշտ ձևակերպված, ժամանակակից, քաղաքակիրթ և բովանդակային լինեն այդ պահանջները, այդքան ավելի լավ: Եթե սպասելիքն է՝ դե արի մեզ կերակրի, ուրեմն այսօրինակ իրավիճակը մշտապես շարունակական է լինելու»:

Ռ. Բաբայանը պարզապես վստահ է՝ միանշանակ որևէ ազգի մշակույթ երբևէ կապված չի եղել Մշակույթի նախարարության հետ.

«Երբ կային Կոմիտասը, Մաշտոցն ու Նարեկացին, Մշակույթի նախարարություն գոյություն չուներ: Այնպես չի լինում, որ ազգի արմատը կտրվի՝ տաղանդներ միշտ ծնվում են, ամենակարևորն այդ տաղանդներին գտնելն է, ովքեր հաճախ շատ բարդ, հակասություններով լի մարդիկ են լինում: Պարզապես նրանց պետք է տալ հնարավորություն և ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք կարողանան բացահայտվել և երևալ: Առհասարակ պետք է յուրաքանչյուր մարդու մեջ փնտրել իր առանձնահատկությունը, այն, ինչով նա հետաքրքիր և տարբերվող է: Մենք հաճախ ենք խոսում ազգային արժեքների մասին, բայց մոռանում ենք, որ ազգային արժեքը մարդն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս