
Բացահայտվել է Galaxy Note 7-ի պայթյունների պատճառը

Samsung-ի մասնագետները բացահայտել են Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնաբռնկման պատճառը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կորպորացիայի իրազեկ աղբյուրներ:
Ինչպես եւ ենթադրվում էր, ինքնաբռնկումների պատճառը կուտակիչներն էին: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, առանձին մոդելներում մարտկոցը չափազանց մեծ է եղել, ինչը հանգեցրել է գերտաքացման: Ընդ որում՝ խոտանը հայտնաբերվել է ոչ միայն այն կուտակիչներում, որոնք արտադրվում էին Samsung-ի դուստր ընկերությունում, այլեւ նրանց մեջ, որոնք պատրաստվում էին Amperex Technology հոնկոնգյան ֆիրմայի կողմից:
Հետաքննությանը մասնակցել են Samsung-ը, ինչպես նաեւ մի քանի այլ ընկերություններ, որոնք հանդես են եկել որպես անկախ փորձագետներ: Պաշտոնական հաշվետվությունը հրապարակվելու է հունվարի 23-ին:
Մոդելը վաճառքի էԷր հանվել 2016 թվականի օգոստոսին: Երկու ամիս անց, դրանց ինքնաբռնկման բազմաթիվ դեպքերից հետո, կորպորացիան նախ կասեցրել է վաճառքները, իսկ հետո ամբողջովին դադարեցրել արտադրությունը: