Վարդան Օսկանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հետ քաղաքական համագործակցությունը. «Ազատություն»

«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի ձևավորված դաշինքի կորիզն արդեն կազմված է և այն ընդլայնվում է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է ավելի լայն դաշինք կազմելը, ինչի համար զուգահեռ աշխատանքներ են տարվում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

«Սեյրան Օհանյանի հետ բանակցություններն ավարտել ենք, չնայած ես այն բանակցություններ չէի անվանի, քանի որ երկուսս էլ նույն հարթության վրա էինք, նույն խնդիրներն էինք մեր առջև դրել և նույն լուծումներն ենք տեսնում: Այստեղ շատ համահունչ համագործակցություն կա: Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա դաշինքում: Նա այս պահին կուսակցական չի, և ես կարծում եմ այդպես էլ կպահպանվի, քանի որ մենք դաշինքն ընդլայնելու խնդիր ունենք»,- ասել է Վարդան Օսկանյանը` հավելելով, որ դաշինքին են միացել մի քանի կուսակցություններ:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հետ իրենց համագործակցության իրենց մտադրություններին՝ Վարդան Օսկանյանը նշեց, որ հանդիպումներից հետո դաշինքում նրանց հետ հանդես չգալը պայմանավորված է նրանով, որ, ինչպես «Ժառանգություն»-ում են ասում, իրենց ներսում որոշում չունեն:

«Համախմբում» կուսակցության առաջնորդը ցանկալի համարեց իրենց դաշինքի կորիզում ՐաֆՖի Հովհաննիսյանի ներգրավումը: «Սպասենք, կտեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն: Հույս ունեմ, որ դաշինքի հետագա ընդլայնմանը կմասնակցի նաև «Ժառանգությունը»»,-ասաց նա:

Վարդան Օսկանյանը նաև չբացառեց Գագիկ Ծառուկյանի հետ իրենց քաղաքական համագործակցությունը: Չնայած նրանք դեռ չեն հանդիպել, սակայն Օսկանյանի համար միանշանակ է այն, որ միավորմամբ ավելի հզոր ուժ կներկայացնեն, պարզապես, քանի դեռ դրա նախադրյալները չկան, նա չի կարող ինչ-որ բան ասել:

«Ես խնդիր չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու, վստահ եմ նույնը Սեյրան Օհանյանը, տեսնենք ընթացքն ինչի կբերի: Ես ուրախ եմ, որ նա վերադառնում է, թող կազմակերպի իր դաշինքը, դրանից հետո կտեսնենք»,- նշեց Օսկանյանը:

Արտաքին գործերի նախկին նախարարը, անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերին, թե իր դաշինքին աջակցում է ՀՀ երկրորդ նախագահը, նշեց, որ նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանը ոչ առնչություն ունի իրենց դաշինքի հետ, ոչ էլ ցանկություն՝ ներգրավվելու:

Նա նաև հավելեց, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ներկա դրությամբ ոչ մի դերակատարություն չունի դաշինքի գործունեությունում:

Տեսանյութեր

Լրահոս