
Վահան Շիրխանյանը կրկին չէր ներկայացվել դատարան. նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվեց 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործի քննությունը:
Դատական նիստին չէր ներկայացվել ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Քրեակատարողական հիմնարկից կրկին գրություն էր ստացվել, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից: Մեղադրողն ասաց, որ արդեն որերորդ նիստն է՝ ամբաստանյալն անհարգալից վերաբերմունք է դրսևորում, խնդրեց միջոցներ ձեռնարկել՝ ամբաստանյալի ներկայությունն ապահովելու համար: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը շատ ծանր առողջական վիճակում է գտնվում, նա մեջբերեց փաստաթղթեր:
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն առաջարկեց Վահան Շիրխանյանի մասն անջատել, մյուս ամբաստանյալների մասով նիստն անցկացնել: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն առաջարկեց մեկ ժամով ընդմիջել դատական նիստը, Վահան Շիրխանյանին պատգարակով ներկայացնել դատարան: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 27-ը: