
«Սեյրան Օհանյանն ընդդիմություն է, և շուտով դուք դրանում կհամոզվեք». Գուրգեն Եղիազարյան

Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ սպասվող խորհրդարանական ընտրություններն ընդամենն ԱԺ ընտրություններ չեն, այլ նախագահական ընտրություններ են.
«Ակնկալվում են տարբեր չափի, գույնի ականներ, որ հետագայում ԱԺ դահլիճում «սուրփրայզ» անեն: Տրոյական ձիու ընտրություններ են՝ չափից շատ են այն ուժերը, որոնք մտնելու են ԱԺ ու իրենց սև գործն են անելու. մարդկանց խմբեր, կուսակցություններ, որոնց Ազգային ժողով կտանի ՀՀԿ-ն: Եվրոպան այս անգամ ասում է, որ պրեսկոտյան ընտրություններ չեն լինի, այսինքն՝ մարդու չեն ուղարկի, որ կաշառքով ընտրությունները դրական լույսով ներկայացվեն: Այս ընտրություններին անհայտ, կենսագրություն չունեցող դեմքեր կլինեն: Դուք հիմա մի մարդու եք լսում՝ ի դեմս ինձ, որը չի հավակնում պատգամավոր դառնալու»:
Նրա խոսքով՝ եթե հիմա ՀՀԿ-ն հայտարարի, որ ընտրությունները լինելու են թափանցիկ, ապա ավելի խայտառակ բան են անելու: Ըստ նրա՝ ընտրություններից հետո կրկին թանկացումներ կլինեն, Հայաստանից դարձյալ մեծ թվով մարդիկ կարտագաղթեն, սակայն այս անգամ՝ ողբերգական. «Մինչ օրս չկար «Սասնա ծռերի» օրինակը»:
Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ սպասվող ընտրությունները լինելու են թափանցիկ, և ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջ:
Ասուլիսի բանախոսներից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ին չեն հավատում և պաշտպանելու են քաղաքացիների քվեն.
«Մեզ մրցակից տեսնում ենք բոլորին, սակայն մեր թիրախը ՀՀԿ-ն է, մենք պայքարելու ենք ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի դեմ և իրենց արբանյակ հանդիսացող բոլոր կուսակցությունների դեմ, որոնք տարիներ շարունակ ՀՀԿ սպասարկող ուժեր են եղել և անհրաժեշտության դեպքում՝ քաղաքական աղբանոց նետվելուց հետո գեղեցիկ փաթեթավորված ներկայանում են»:
Գուրգեն Եղիազարյանը ողջունեց Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն.
«Եթե իշխանությունները մի երկու քայլ առաջ տեսնեին, ապա կհասկանային՝ Գագիկ Ծառուկյանին հեռացնելը հիմարություն էր՝ նրան «ֆասով» հանելը. ԱԺ-ում նա ներկայացնում էր երկրորդ ուժը: Նրա մուտքով քաղաքական դաշտի խաթարված պատկերը վերականգնվեց: Իշխանությունները հիմա մի դիմակ են տվել, անունը դրել են ընդդիմություն: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ուղիղ չի հարձակվում, այլ իր խամաճիկներով, տրոյական ձիով է հարձակվում: Ես ողջունում եմ Սեյրան Օհանյանին, քանի որ իմ դիտարկումներով՝ այո, նա ընդդիմություն է, և շուտով դուք դրանում կհամոզվեք»: