Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին Պալմիրայի մարտերում ԴԱԻՇ-ին օգնելու մեջ
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները կարողացել են վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ գործելով ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է SANA գործակալությունը։
Ասադի խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները «կարողացել են վերադարձնել վերահսկողությունը Պալմիրայի նկատմամբ ամերիկացիների ղեկավարությամբ, ամերիկացիների անօդաչու թռչող սարքերի հսկողության ներքո, նրանք եկել են անապատի կողմից և գրավել Պալմիրան»։
«ԴԱԻՇ-ն ստեղծվել է ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Այնուհետ Թուրքիան սկսեց հովանավորել ԴԱԻՇ-ին։ Մենք չենք կարող ակնկալել ԴԱԻՇ-ի դեմ անկեղծ պայքար Թուրքիայից և ԱՄՆ-ից։ Դրա ամենավառ օրինակն է Պալմիրայի վրա հարձակումը, որը իրականացվել է մի քանի շաբաթ առաջ»,- հայտարարել է Ասադը։
Ասադի խոսքով՝ ԴԱԻՇ-ը հենց այս պահին էլ գրոհում է Դեր Զորը Սիրիայի արևելքում, իսկ ամերիկացիները ոչինչ չեն անում ԴԱԻՇ-ին կասեցնելու համար։ Նրանց այսպես կոչված ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիան գործում է ավելի քան մեկուկես տարի, սակայն ոչնչի չեն հասել, քանի որ լուրջ չեն վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին»,- հավելել է նա։