«Եթե Ադրբեջանը բավականաչափ գազ մատակարարի, Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական». Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Եթե մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR ընկերությունը մեզ բավականաչափ գազ մատակարարեն, Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական, լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան՝ գնահատական տալով «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև կնքված նոր համաձայնագրին։
Ինչպես նշել է Գախարիան, Վրաստանը այդ պայմանագրի հիման վրա ստացել է այն, որ պարտավորված չէ բնական գազ գնել «Գազպրոմից»։
«Դա սկզբունքային հարց է։ Մենք գրանցել ենք կոմերցիոն գներ այսօրվա դրությամբ, առանց պարտավորվածության կգնենք կամ ոչ այդ գազը։ Քաղաքական առումով ավելի մեծ անկախության հավանաբար այդ փուլում անհնար էր հասնել։ Ընդգծում եմ, որ մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR-ը մեզ բավականաչափ գազ մատակարարեն, Ռուսաստանից կախվածության աստիճանը զրոյական կլինի»,- հայտարարել է վրացի նախարարը։
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար էր գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ և որը ենթադրում է դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։