«Սյունիքի մարզում հիմնվող ազատ տնտեսական գոտու առանձնահատկությունը սահմանված է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով». Հովհաննես Ազիզյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սյունիքի մարզում հիմնվող ազատ տնտեսական գոտին ունի առանձնահատկություն, որը սահմանված է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով.

«Ամբողջ ԵԱՏՄ-ում լինելու են 7 ազատ տնտեսական գոտիներ, որոնք ունենալու են այդ առավելությունը. դա տարածքում աշխատող, այցելող մարդկանց համար Duty free համակարգով՝ առանց մաքսատուրքի գնելու հնարավորությունն է: Մնացած բոլոր տնտեսական գոտիներում այդպիսի հնարավորություն չկա»:

Նա նշեց, որ հույս ունեն տարբեր երկրներից ներգրավել փորձ ու համապատասխան ներդրումներ իրականացնող, ինչպես նաև՝ կապեր ունեցող ձեռնարկությունների: Նա նաև հույս հայտնեց, որ ապրիլ ամսին կկայացվի որոշումը, իսկ մինչև տարվա վերջ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտին պատրաստ կլինի:

«Կներգրավենք բոլոր ծրագրերը, որոնք կան, կփորձենք համադրել և ընտրել այն ծրագիրը, որն առավել նպաստավոր կլինի և կբավարարի երկրի զարգացման նպատակներին: Առաջարկները լինելուն պես կներկայացվեն կառավարությանը, համապատասխան քննարկումներից հետո կառավարության որոշմամբ կստեղծվի ազատ տնտեսական գոտին»,- ասաց Հովհաննես Ազիզյանը՝ հավելելով, որ ազատ տնտեսական գոտու հիմնման գործընթացն իրականացվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս