Սյունիքի մարզում կհիմնվի ազատ տնտեսական գոտի

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում, կհիմնվի ազատ տնտեսական գոտի: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով ծրագիրը՝ ասաց, որ նպատակն է՝ ստեղծել նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության համար:

«Հաշվի առնելով Իրանի հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները, որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ սահմանագծին հնարավորինս մոտ: Ընտրվել են Ագարակ քաղաքում առկա հողատարածքներ: ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքի ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն ԱՄՆ դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ ակնկալվում է՝ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: «Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12 %, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող»:

Նրա խոսքով՝ կանխատեսումներ են իրականացվել, որ 10 տարիների ընթացքում կներգրավվեն շուրջ 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ:

«Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի անդամ երկրները: Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատում ենք շուրջ 350-400 մլն դոլար: Կստեղծվի շուրջ 2500 աշխատատեղ»,- ասաց Արամ Վարդանյանը:

Նա նշեց, որ տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ. «Կլինի արտադրական տարածք՝ 40 հազար քմ, գրասենյակային՝ 10 հազար քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ,  սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ»:

Վարդանյանն ասաց, որ ծրագրի իրագործումը ենթադրում է պետության հետ սերտ համագործակցություն: «Ուսումնասիրելով թիրախային շուկաների կառուցվածքը, նախանշվել են գերակա 6 հիմնական ուղղություններ. գյուղմթերքի, սննդի վերամշակում, արդյունաբերություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, նոր, բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն և տեքստիլ արդյունաբերություն»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս