«Ինչո՞ւ ենք սպասում, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան իրավիճակը». Թևան Պողոսյան
«Նախորդ տարվա վերջն ու այս տարվա սկիզբը նորից ցույց տվեցին, որ ունենք բացեր, որ թշնամին նույնն է, պատերազմը շարունակվում է, հակառակորդը չի բավարարվում միայն սահմանին կրակելով, այլ նաև փորձում է դիվերսիոն գործողություններ կատարել, նորից էսկալացիայի գնալ: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը փորձում է օգտագործել միջազգային ինստիտուտների մեխանիզմները, հատկապես՝ ԵԱՀԿ-ն, որտեղ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և այսօրվա դրությամբ Ադրբեջանը պարզապես վետո է դրել մի քանի բյուջետային ծրագրերի հաստատմանը, որի հետևանքը կարող է լինել՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը լավագույնս անդրադարձել էր ստեղծված իրավիճակին՝ բացատրելով Ադրբեջանին, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին հարցը չէ, և որ՝ որևէ մեկը չի հանդուրժելու ռազմական լուծում.
«Սա միգուցե շատ հայանպաստ հայտարարություն էր, բայց միևնույն է՝ կյանքն ու իրականությունն առաջնագծում են որոշվելու: Թող մի 20 ԱԳ նախարար էլի պրոհայկական տեսակետներ արտահայտեն, թող տարբեր խնդիրներ բարձրաձայնեն, բայց արդյո՞ք դրանով մեր անվտանգության խնդիրն են լուծելու. դրանից Չինարիո՞ւմ է անվտանգ լինելու, թե՞ Թալիշում կամ այլ տեղում»:
Պատգամավորն այն կարծիքին է, որ նոր պառլամենտի առաջնային խնդիրը պետք է լինի բանակի բյուջեի վերանայումն ու նոր մոտեցումների ձևավորումը.
«Ամեն օր էլ պատերազմ է, մի օր շատ են կրակում, մի օր՝ քիչ: Ավելի խելոք պետք է լինենք: Ու եթե պետք է նախահարձակ լինենք, ինչո՞ւ ենք սպասում, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան իրավիճակը: Ամեն անգամ Ադրբեջանը պետք է անի, մենք էլ պատասխանե՞նք»:
Լրագրողների դիտակմանը, թե հայկական կողմը գուցե միջազգային հանրության արձագանքի՞ց է վախենում, նա արձագանքեց՝ հիշեցնելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե Արցախյան հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը.
«Ալիևը փորձելու է ասել, որ իր ձեռքում է Եվրոպայի անվտանգությունը: Մենք էլ նոր ուղերձ պետք է ձևավորենք. ՀՀ-ն և Արցախը ապահովում են Եվրոպայի անվտանգության հարավ-արևելյան սահմանը: Չինարիի դեպքին հաջորդած պատժիչ գործողություններից հետո լսե՞լ եք, որ մի եվրոպացի չինովնիկ մեզ ասի՝ ինչո՞ւ եք արել»: