Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին վճարվել է 166 մլն դրամի աշխատավարձի պարտք

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարապետյանը հանդիպել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Վճարվել է  166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների  պարտքը  2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել:

Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»:

Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ:

Տեսանյութեր

Լրահոս