Հայկական «Մատչելի վայրեր» հավելվածը հասանելի է նաև iOS-ի օգտատերերի համար
«Մատչելի վայրեր» (Matcheli vayrer) հավելվածն ու Matcheli.am կայքն օգնում են տեղաշարժման խնդիր ունեցող անձանց՝ տեղեկանալ իրենց հետաքրքրող ենթակառուցվածքների մատչելիության մասին:
Եթե նախկինում հայկական հավելվածից կարող էին օգտվել Android-ի օգտատերերը, ապա հիմա այն հասանելի է նաև iOS-ի օգտատերերի համար:
Հայաստանի մատչելի վայրերը կարելի է քարտեզագրել նաև Matcheli.am կայքի միջոցով:
Matcheli.am-ը ՀՀ քաղաքների ու գյուղական համայնքների ֆիզիկական մատչելիության մասին ինտերնետային տեղեկատվական ռեսուրս է: «Մատչելիության քարտեզը» մատնանշում է մատչելի վայրերը` ըստ մատչելիության որոշակի նորմերի ու չափանիշերի:
«Եթե տեղաշարժման խնդիր ունեք` օգտվում եք հաշմանդամի սայլակից, փողոց եք դուրս եկել մանկասայլակով, հեծանվորդ եք կամ անվաչմուշկի սիրահար, գնումներ եք անում անիվներ ունեցող ծանրոցներով կամ պատրաստվում եք ճամպրուկով երկար քայլել քաղաքում, ապա այս ռեսուրսը հենց ձեզ համար է: Ամենապարզ գործիքների օգնությամբ կարող ես ստուգել, թե որքանով է մատչելի քո ուզած շինությունը, և հնարավո՞ր է արդյոք այնտեղ հասնել առանց խոչընդոտների»,- նշում են նախագծի հեղինակները:
Ռեսուրսը նաև մատչելիության մասին ստացած տեղեկատվությունը փոխանցելու միջոց է: Յուրաքանչյուր ոք կարող է կիսվել իրեն հանդիպած մատչելի փողոցների, շենքերի ու հանրային տարածքների մասին տեղեկությամբ և օգնել մյուսներին:
Matcheli.am ինտերնետային ռեսուրսն օգնում է հաշմանդամություն ունեցող (մասնավորապես` տեղաշարժման դժվարություն ունեցող) անձանց՝ տեղեկանալ իրենց համայնքներում առկա ենթակառուցվածքների մատչելիությանը: Ամբողջական ինֆորմացիան կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելուն և կյանքի բոլոր բնագավառներում նրանց լիակատար մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախագծի հեղինակները նշում են, որ հավելվածը միաժամանակ նաև մատչելիության կարևորությունն ու մեր երկրում դրան առնչվող խնդիրները բարձրաձայնելու գործիք է:
Սիրարփի Աղաբաբյան