Բաժիններ՝

Ավելին, քան ակումբ, ավելին, քան սկանդալ. Ի՞նչ է կատարվում «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ղեկավարության համար ակումբի համբավը միշտ եղել է առաջնային: «Ավելին, քան ակումբ» կարգախոսը պարտավորեցնում է:

Կատալոնացիները շարունակում են ստեղծել խնդիրներ՝ չնայած դժվարություններն առանց այն էլ քիչ չեն:

Աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկում խնդիրներ հաճախ են լինում, բայց կատալոնական ակումբում ընդունված է բոլոր խնդիրները լուծել սեփական պատերի ներքո՝ առանց ավելորդ սկանդալների: Սակայն այս այնգամ կատալոնական համակարգը, կարծես թե, խափանվել է:

Միգուցե ակումբի ոչ վստահ խաղն է լարվածության պատճառը, կամ հակառակը՝ ակումբում լարված վիճակն է ազդում կապտանռնագույնների խաղի վրա: Ինչ էլ որ եղած լինի, փաստը մեկն է՝ կատալոնական ակումբը հիմա միանգամից մի քանի լուրջ սկանդալների կենտրոնում է:

Կարդացեք նաև

Պիկեն՝ Պրեմիերայի նախագահի դեմ

«Վիլլառեալի» հետ խաղի ավարտից հետո կատալոնացի ֆուտբոլիստը մոտեցավ տրիբունաներից մեկին, որտեղ նստած էր Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբեսը, և շատ էմոցիոնալ գոռաց՝ «Դու սա տեսնո՞ւմ ես, դու իրո՞ք ամեն ինչ տեսնում ես»:

Ասել, որ էմոցիոնալ Պիկեն սխալ էր, չի կարելի, քանի որ ամբողջ ֆուտբոլային աշխարհը տեսավ, որ հանդիպման գլխավոր մրցավարը նվազագույնը 2 անգամ կայացրեց «Բարսելոնային» վնասող որոշում: Այդ որոշումներից մեկը 11-մետրանոց հարված չնշանակելն էր՝ այն դեպքում, երբ Բրունո Սորիանոն ակնհայտ ձեռքով խաղաց մրցակցի տուգանային հրապարակում: Բայց հարց է առաջանում՝ մի՞թե Պիկեն այդքան բարկացած էր Տաբեսի վրա միայն այս դրվագի համար:

Այս դրվագից հետո լրագրողների հետ զրույցում Պիկեն ասաց.

«Ամեն շաբաթ մրցավարները մեկնաբանությունների առիթ են տալիս: Սորիանոն երկու անգամ ձեռքով խաղաց, և դա բոլորը տեսան: Կասե՞ք, որ Մասկերանոն ևս ձեռքով խաղաց: Համեմատեք այդ պահերը, Մասկեն չէր կարող կտրել իր ձեռքերը»:

Հետաքրքիր է, որ Պիկեի այս խոսքերից հետո հակառակ կողմից խոսեց կատալոնական ակումբի նախկին ավագ, Պիկեի մտերիմ ընկեր Կառլոս Պույոլը, ով պաշտպանեց մրցավարներին՝ նշելով, որ վիճելի պահեր շատ են լինում, և ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Այս խոսքերն ակնհայտ ուղղված էին կատալոնական ակումբի ներկայացուցիչներին:

Մրցավարները, իհարկե, չանտեսեցին Պիկեի պահվածքը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկվեց միանգամից 2 բողոք՝ ուղղված ֆուտբոլիստին: Հետաքրքիր է, որ Իսպանիայի առաջնության հաջորդ խաղում Պիկեն հայտավորված չէր՝ անհայտ պատճառներով: Գուցե ակումբում որոշել էին, որ նրան պետք է հանգստացնել նյարդերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս