![](/banners/BeFunky-design.jpg)
Աբաշիձեն և Կարասինը հեռախոսազրույց են ունեցել ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Без-названия-8.jpg)
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր», ինչպես նաև Ժնևի բանակցությունների հերթական փուլի օրակարգը։
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների որոշ ընթացիկ հարցեր։ Նախանշվել է հերթական հանդիպման օրակարգը ռուս-վրացական կապերի կարգավորման ուղիների վերաբերյալ, որը տեղի կունենա Պրահայում փետրվարի սկզբին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Վրաստանը խզել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ. օգոստոսի պատերազմից և Մոսկվայի կողմից Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո։
Ներկայումս ՌԴ-ի և Վրաստանի միջև երկխոսությունը տեղի է ունենում Ժնևի քննարկումների ու Պրահայում Աբաշիձեի և Կարասինի հանդիպումների շրջանակում։