«Հայաստանը 1994 թվականից հետո բավականին լուրջ զիջումների է գնացել ԼՂՀ հարցում». Գառնիկ Իսագուլյան
«Հատկապես վերջին 3-4 տարիներին միակ ֆորմատը, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը միաժամանակ նստում են և քննարկում են հարց, դա ԼՂՀ խնդիրն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
Ըստ նրա՝ այդ երեք կենտրոններից որևէ մեկը շահագրգռված չէ ԼՂՀ հարցի վերջնական լուծմամբ, որովհետև վերջնական լուծումը նշանակում է, որ այդ գերտերություններն այս տարածաշրջանում որոշակի գործողություններ անելու իրենց լծակներն են կորցնում։
«Որևէ մտավախություն չունենաք, որ ԼՂՀ հիմնախնդրում կողմերը կարող են գնալ զիջումների, առավել ևս, այդ կողմերից գոնե Հայաստանը։ Երբ բանակցությունները կընթանան հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև, այն ժամանակ որևէ հարցի լուծման բացառիկ իրավունքը պատկանում է նախ՝ ԼՂՀ ժողովրդին, և երկրորդ՝ ԼՂՀ իշխանություններին։ Որևէ այլ պետության, այդ թվում՝ նաև ՀՀ իշխանություններին, նման լիազորություններ տրված չեն»,- նշեց Գ. Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը 1994 թվականից հետո բավականին լուրջ զիջումների է գնացել. «Մի մոռացեք, որ խորհրդային իշխանության պայմաններում ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ միասին ձևավորել է մեկ խորհրդարան։ 1995 թվականին եկան, փակ նիստ արեցին, համոզեցին, որ ճիշտ է, որ ԼՂՀ-ն որպես անկախ պետություն լինի։ Մենք գնացինք զիջման, այնտեղ տեղամասեր չձևավորեցինք, խնդրեցին՝ պատերազմը դադարեցրեցինք, խնդրեցին՝ ԼՂՀ-ի փոխարեն՝ Հայաստանը սկսեց բանակցություններում հանդես գալ։ Այդքան զիջումների արդյունքում մենք ի՞նչ ստացանք, ոչ մի դրական բան։ Հայաստանն իր բոլոր հնարավոր զիջումներն արել է։ Հայաստանն էլ զիջելու տեղ չունի, Ղարաբաղն ընդհանրապես զիջելու բան չունի»
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։