
«Որոշ քաղաքական ուժեր սպասում են Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցի հանգուցալուծմանը»

Քաղտեխնոլոգները Հայաստանում նախընտրական գործընթացները համարում են մեկնարկած, սակայն անորոշություն են տեսնում որոշ կուսակցությունների գործողություններում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նկատեց, որ քաղաքական որոշ ուժերի գործողությունները դեռևս պարզ ու հստակ չեն: «Մի մասը զբաղված է վարկանիշների հստակեցմամբ ու ընտրացուցակների լրացմամբ, մյուսների մոտ դեռ սպասողական վիճակ է»,- նշեց Բադալյանը` կարծիք հայտնելով, որ ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ն ընտրություններին հանդես կգա միայնակ:
Ըստ փորձագետի`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, դեռևս սպասում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշմանը, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարոզարշավի հենքը լինելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը ևս որոշակի անորոշություն է տեսնում քաղաքական դաշտում: «Կարծում եմ` այդ անորոշությունը կապված է Գագիկ Ծառուկյանի հետ: Որոշ քաղաքական ուժեր սպասում են նրա վերադարձի հարցի հանգուցալուծմանը»,- նշեց Հակոբյանը: