
Օպտիմալացման վիճակագրությունը

Պետական համակարգում աշխատողների ընդհանուր թիվը 2017 թվականին կկրճատվի մոտ 3000-ով։ Այս մասին ուրբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Իսկ ո՞ր ոլորտներից են լինելու հիմնական կրճատումները, քանի աշխատող է մնալու պետական համակարգում և որքան է տնտեսվելու՝ օպտիմալացման արդյունքում։
Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունում։
Այսպես, 2016 թվականին ՀՀ պետական համակարգում աշխատողների փաստացի թվաքանակը եղել է 22961։ Օպտիմալացման արդյունքում՝ 2017 թվականին նրանց թիվը կդառնա 20059։
Այդ թվում, նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմը 5793 մարդուց կնվազի մինչև 5195, իսկ ՊՈԱԿ-ներում և պետական մասնակցությամբ ՓԲԸ-ների աշխատողների թիվը 17168-ից կհասնի 14864-ի։
Այս օպտիմալացման արդյունքում պետական բյուջեի միջոցներից կտնտեսվի 3 մլրդ 932 մլն դրամ, որից 1 մլրդ 497 մլն-ը՝ գերատեսչությունների աշխատակազմերի օպտիմալացման արդյունքում, 2 մլրդ 435 մլն դրամ՝ ՊՈԱԿ-ների։
Բացի այդ, ևս 904 մլն դրամ կտնտեսվի թվով 5 մարզերում կատարված օպտիմալացումների արդյունքում։