Ինչ է արվել՝ կադաստրի պետկոմիտեի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Ախտորոշվել են գույքային իրավունքների գրանցման ենթակառուցվածքների ոլորտի հետևյալ խնդիրները՝
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքի ու դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների պետական գրանցման և դրանց վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն և տեղեկատվության տրամադրման ոչ ամբողջական էլեկտրոնային հասանելիություն և կադաստրային քարտեզներում անշարժ գույքի տեղադիրքի հնարավոր սխալների առկայություն:
Արդյունքում՝
- կադաստրի համակարգի տեղեկատվությունն էլեկտրոնային առցանց միջոցով հասանելի չէ.
- կադաստրային քարտեզներից տրամադրվող տեղեկատվության մեջ հնարավոր են առանձին անհամապատասխանություններ:
Ինչ է արվել
Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով՝
- Ներդրվել է նաև բջջային հերթագրման համակարգ, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածի միջոցով ստեղծել վիրտուալ կտրոն՝ ընտրելով սպասարկման գրասենյակը, ծառայությունը, ամսաթիվը և սպասարկման ցանկալի ժամը, այնուհետև, տեսնել ստեղծած կտրոնը և ստանալ հաղորդագրություն:
- 2016 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-166-Ն և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-167-Ն օրենքները: Մասնավորապես՝
- կադաստրի համակարգի կողմից մատուցվող ծառայությունները նախատեսվել է տրամադրել նաև առավել արագացված ընթացակարգով` միևնույն օրը, երկու ժամվա ընթացքում.
- ամբողջ համայնքի կտրվածքով կադաստրային քարտեզների տրամադրման վճարի չափը նվազեցվել է շուրջ 10 անգամ.
- հասցեի գրանցման և գրանցված հասցեի փոփոխման գրանցման համար նախատեսված 2000 դրամի չափով վճարը հանվել է.
- իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման վճարի չափը 7000 դրամից դարձել է 5000 դրամ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերինը` 1000 դրամ.․
- Համակարգում 2012 թ. ստեղծված 11 տարածքային ստորաբաժանումից ու 47 սպասարկման գրասենյակից օպտիմալացման արդյունքում ներկայում մնացել է 7 ստորաբաժանում և 41 գրասենյակ, կոմիտեի աշխատակազմի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թ. կապահովվի ևս 199 մլն դրամի տնտեսում (կրճատված հաստիքների թիվը՝ 60, աշխատակազմի գծով տնտեսում շուրջ 169 մլն դրամ և ՊՈԱԿ-ների մասով՝ շուրջ 30 մլն դրամ):