Մինչև առաջիկա ընտրություններ` խորհրդարանը կգումարի ևս 3 քառօրյա նիստ

Ազգային ժողովը 2017թ. առաջին քառօրյա նիստը կմեկնարկի փետրվարի 6-ին և կշարունակվի մինչև փետրվարի 9-ը: Համաձայն Ազգային ժողովի նիստերի ժամանակացույցի` քառօրյա մյուս նիստը կմեկնարկի փետրվարի 27-ին և կավարտվի մարտի 2-ին: Ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ևս մեկ քառօրյա նիստ կանցկացվի մարտի 20-24-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 2-ին Հայաստանում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները, իսկ մարտի 5-ից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը` դժվար է ակնկալել  Ազգային ժողովի գարնանային  լիարժեք նստաշրջան, սակայն օրակարգում կան բազմաթիվ հարցեր, որոնցից մի քանիսը, հավանաբար, կքննարկվեն առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Մասնավորապես, խորհրդարանի նստաշրջանի օրակարգում են Հայաստանի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին հաղորդումը, «2015 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը,  Հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Հավանաբար, հենց այս հարցերը կքննարկվեն խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում է շարունակում մնալ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած հայտարարության նախագիծը Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ: Համապատասխան հայտարարության նախագիծն Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել 2016թ. հոկտեմբերի 10-ին` նույն օրն ընդգրկվելով նաև չորսօրյա նիստերի օրակարգում, սակայն աշնանային նստաշրջանի ընթացքում հարցն այդպես էլ քննարկման չդրվեց, ինչն առաջացրել էր հայտարարության նախագծի հեղինակի դժգոհությունը: Կարելի է ենթադրել, որ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում խորհրդարանը կանդրադառնա նաև Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագծին:

Իսկ ընդհանուր առմամբ` խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում կա 249 հարց և 29 միջազգային պայմանագիր։

Տեսանյութեր

Լրահոս