«Մեր գրեթե բոլոր ընդդիմադիրները որակապես չեն տարբերվում իշխանություններից»

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

 – Պարոն Մեսրոբյան, վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու համար առաջարկներ ներկայացնել ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հնարավորություններ կան դրա համար։

– Քանի մեզ մոտ մեծ դերակատարություն ունեն օլիգարխները, հեռանկար չկա։

– Իսկ օլիգարխների հետ կապված ի՞նչ կարելի է անել։

– Պետք է ունենալ քաղաքական կամք և մի կողմից՝ իրենց հնարավորություններն ինտերակտիվ կերպով խիստ սահմանափակել, և երկրորդը՝ բոլորին անխտիր բերել օրենսդրական դաշտ, առաջին հերթին՝ հարկային։

– Վարչապետը, կարծես թե, քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ամեն դեպքում՝ հայտարարում է այդ մասին։ Դուք տեսնո՞ւմ եք նման միտում։

– Ես տեսնում եմ փորձեր։ Բայց քանի որ իմ մատնանշած խնդիրը չի լուծվում, ցավոք սրտի, այդ միտումներն իրականություն չեն դառնա լայնածավալ իմաստով։ Միգուցե մի քանի կետային տեղերում դա արդյունք տա, բայց համապետական արդյունք չի տա։

– Ընտրություններն այս հարցում ինչ-որ բան կփոխե՞ն։

– Ես ընտրությունների նկատմամբ մեծ վերապահումներ ունեմ։ Մենք ընտրությունների իմաստով ունենք հայոց համազգային դժբախտություն։ Այդ դժբախտությունը կայանում է նրանում, որ մեր գրեթե բոլոր ընդդիմադիրները որակապես լավ իմաստով չեն տարբերվում իշխանություններից։ Այսինքն՝ կրկնվելու է վատի և վատագույնի միջև ընտրության սցենարը, որ, կարելի է ասել, արդեն քանի անգամ Հայաստանում գնում է։ Իսկ վատի և վատագույնի միջև ընտրությունն իր էությամբ ընտրություն չի։ Ընտրությունն անպայման պետք է լինի բևեռացված։ Եթե բևեռացված չէ ընտրությունը, այսինքն՝ լավի ու վատի միջև չեն ընտրությունները, դրանք իրականում ընտրություններ չեն։ Իսկ եթե մի պրոցեսն իրականում չի համապատասխանում իր էությանը, ոչ մի ակնկալիք կամ լուրջ սպասելիք պետք չէ ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս