Հունգարացի լրագրողը պայմանական ազատազրկման է դատապարտվել սիրիացի ներգաղթյալի վրա հարձակվելու համար
Հունգարացի օպերատոր Պետրա Լասլոն, որը սկանդալային ճանաչում էր ձեռք բերել այն բանից հետո, երբ նկարահանման ժամանակ ոտքով հարվածել էր սիրիացի ներգաղթյալին, 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հասարակական կարգը խախտելու համար։
Լասլոյի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ նա գործել է՝ ելնելով ինքնապաշտպանությունից։
«Ես շրջվեցի և տեսա մի քանի հարյուր մարդու, որոնք գալիս էին իմ ուղղությամբ։ Դա շատ սարսափելի էր»,- ասել է Լասլոն դատարանում։
Լասլոն մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։ Տեսանյութը, որտեղ Լասլոն ոտք է գցում երեխային գրկին սիրիացի ներգաղթյալին, Twitter-ի իր էջում տեղադրել էր գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը, ինչից հետո տեսագրությունը արագորեն տարածվել էր սոցցանցերում ու քննադատությունների ալիք բարձրացրել մարդկանց շրջանում:
Հունգարական N1TV հեռուստաալիքն ստիպված էր եղել աշխատանքից ազատել Պետրա Լազլոյին:
Ավելի ուշ Պետրան ներողություն էր խնդրել տղամարդուց իր արարքի համար, սակայն սիրիացի փախստականը Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի կարող ներել նրան: