«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը չի կարող սահմանափակվել միայն մեկ ընկերության լուծարմամբ». Մովսես Քեշիշյան

«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գլոբալ նախագիծ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու՝ ՀՀ կառավարության որոշմանը։

Մովսես Քեշիշյանն ասաց, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը երկու երկրների կառավարությունների խնդիրն է։ Նրա խոսքով՝ այդ հարցը չի սահմանափակվում միայն այս ընկերության գործունեության սահմանափակմամբ, որովհետև պետական կողմերն են որոշում ընդհանուր քաղաքականությունը։ Թեև, ըստ Քեշիշյանի, ընկերության լուծարումը տպավորություն է ստեղծում, թե ընդհանրապես նման երկաթուղու կառուցման գաղափար այսօր չկա։

«Դժվար է ասել, որ կողմերն այլևս հետաքրքրված չեն այս նախագծով։ Սա շատ ավելի գլոբալ ծրագիր է, որպեսզի մենք այս ծրագրի մասին դատենք միայն այս ընկերության լուծարման որոշմամբ։ Թեև ես դեռևս այդ ուղղությամբ մեծ աշխատանք չեմ տեսել։ Այստեղ ամենակարևորը ոչ միայն համաձայնությունների, այլև ողջ համակարգի հարցն է՝ կայուն ներքին և արտաքին կյանքը պահանջում է պետական արդար համակարգ և երկարատև ծրագրեր։

Եթե սա չլինի, կարևոր չէ, թե խոսքն ինչ նախագծի մասին է, դրանք չեն կարող իրականանալ։ Եթե չենք կարողանում ներդրումների անվտանգությունն ապահովել, ապա, մանավանդ այս երկաթգծի հարցը ռազմավարական խնդիր է, այնպիսի հարց է, որ, եթե դա կառուցվի, ապրանք կհասնի ոչ միայն հայկական շուկային, այլև Հայաստանը կարող է նաև տարանցիկ եկամուտ ստանալ այս նախագծից։

Պետությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի այս նախագծի իրականացման հարցով, ունենա կամք՝ հանուն ազգային շահի, որի համար անհրաժեշտ են արդար պայմաններ բոլոր ոլորտներում»,- ասաց Քեշիշյանը։ Վերջինիս համոզմամբ՝ այս հարցում գործ ունենք միայն կամքի բացակայության հետ։ Նրա վստահեցմամբ՝ այլ պատճառներ փնտրել պետք չէ։

Խոսելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում ռուսական դիրքորոշումից, որը բացասական էր, Մովսես Քեշիշյանն ասաց.

«Միշտ էլ խոսել ենք ճնշումների մասին, դրանք կան, բայց մեր սխալը չփորձենք գցել այլ դաշտ, չեմ ցանկանում ասել, որ այս հարցում ռուսները ճնշում չեն բանեցնում։ Այսօր խոսվում է թուրքմենական գազն իրանական ուղով Հայաստան հասցնելու մասին, ինչն ուղղակիորեն բախվելու է ռուսական գազի ներկայության հետ։ Ի՞նչ պետք է անել սրա հետ, չընդունե՞լ թուրքմենական գազը, որովհետև ռուսական ճնշումը կա։ Ռուսական ճնշումը թող լինի։ Բնականաբար, յուրաքանչյուր պետություն ցանկանում է, որպեսզի իր գրպանը ճոխ լինի։ Դա իր կամքն է, իսկ մե՞ր կամքը որն է։

Մենք ենթարկվո՞ւմ ենք, թե՞ մեր խոսքն ենք ասում։ Եթե շարունակում ենք ենթարկվել, ապա այսօր-վաղը վերանալու ենք, չենք կարող գոյատևել։ Եթե իսկապես սմտածում ենք հայկական շահերի մասին, պետք է մեր կամքով առաջ շարժվենք։

Հայկական կողմը պետք է հասկանա, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ամենամոտ գործընկերն է, հենարանը, ռուսների ներկայությունը Հայաստանում, ՀՀ անվտանգությունից առավել, ռուսական անվտանգությունն է։ Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանին, կկորցնի իր անվտանգությունը։ Եկեք չխաբվենք։

Ես չեմ ասում, որ ռուսական բազան պետք է դուրս գա Հայաստանից, պետք է մնա, բայց մենք հասկանանք, որ այդ զորքն այստեղ է ոչ միայն մեզ, այլև իրենց պաշտպանելու համար, մենք ունենք առավելություններ, դրանք պետք է չթերագնահատենք, այլապես կշարունակենք կորցնել բոլոր այլընտրանքային նախագծերը»։

Տեսանյութեր

Լրահոս