Կարեն Կարապետյանի բազմաթիվ հանձնարարականները` Արման Սահակյանին

Գործադիրի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում ՀՀ առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի նախարարների և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով 2017թ. կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացում:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ՝ նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը: Հանձնարարվեց նաև երկշաբաթյա ժամկետում ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը:

«Եռամսյա ժամկետում ներկայացնել կանխատեսումներ մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ. սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս