«Ո՞վ է ասել, որ նոր ընտրությունների նշանակումը ոչ իմ օգտին որոշում է». Մամիկոն Ասլանյան

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոսելով կառավարություն ուղարկվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումի մասին, ասել էր, որ հիմա որևէ իրավական հիմք չկա իր գործունեությունն այս պահին կասեցնելու և նոր ընտրություններ նշանակելու համար:

Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համապատասխան գրություն է պատրաստել, որով դիմելու է կառավարությանը՝ պահանջով՝ կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել: «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ևս միացել են այդ դիմումին, ու այսօր այն ներկայացվելու է կառավարությանը:

Մեզ հետ զրույցում Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշել էր, որ խնդիրն օրենքի տրամաբանության մեջ է, որ քաղաքի ղեկավարը պարտավոր է ամիսը մեկ անգամ նիստ գումարել, որոնք չեն եղել: Նա նաև նշել էր, որ Վանաձորի ավագանին ներկայիս կազմով անգործունակ է, քանի որ արդեն 3 ամիս  չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել և որոշումներ ընդունել:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քրիստ Մարուքյանի վերոնշյալ հայտարարություններին, Վանաձորի գործող քաղապետ Մամիկոն Ասլանյանն ասաց. «Նույն հաջողությամբ, դուք էլ իրեն պետք է ասեիք, որ նույն օրենքում էլ գրված է՝ ավագանին պարտավոր է ներկայանալ նիստերին»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» ու նրա կոալիցիոն գործընկերները բոյկոտում են նիստերը: Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանու մեկ նիստ (հոկտեմբերի 10-ին), որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։

Մամիկոն Ասլանյանը նկատեց՝ ՀՀ օրենսդրության սահմաններում ինչ լուծում որ գտնվի, բոլորս պարտավոր ենք դրանով առաջնորդվել:

Հետաքրքրվեցինք՝ ծանո՞թ է խնդրի լուծման համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկած երկու տարբերակներին: «Ես իրենց չեմ լսում, չեմ ցիտում: Ես չգիտեմ՝ ինչ երկու կամ երեք տարբերակներ են. իրենց մոտ միշտ տարբերակներ կան, ուղղակի անընդհատ տարբերակներ են փոխվում, հռետորաբանություն, պահանջներ: Դրա համար չեմ հետևում այս պահին, որովհետև արդեն նպատակահարմար չեմ գտնում: Բանականությունս արդեն չի հերիքում՝ հետևել»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խնդրի լուծման երկու տարբերակ կա. «Կամ պետք է ցույց տան, որ կա այդ մեծամասնությունը, և որոշումներ կայացնելու լիազորություն ունի այդ ավագանին, կամ համակերպվեն իրականության հետ, որ չկա մեծամասնություն, և հետևաբար՝ չպետք է լինի նաև քաղաքապետ տվյալ կուսակցության կամ տվյալ ուժի կողմից: ՏԻՄ օրենքում մի կետ էլ կա, որ 6 ամսվա անգործության պարագայում ավագանին ավտոմատ լուծարվում է, այդ դեպքում պայման դրված չէ՝ մի՞ նստաշրջանի ընթացքում, թե՞ երկու: Այսինքն՝ եթե այդ տրամաբանությունն աշխատում է, նույն օրենքի մասն է կազմում, նույն կերպ էլ այս դեպքում պետք է լինի: Կամ ամսի 10-ի նիստը համարենք ավագանու նի՞ստ. ի՞նչ որոշում է կայացվել այդ նիստի ընթացքում»:

Ստեղծված իրավիճակը, ըստ քաղաքապետի՝ Վանաձորի համար հերթական հիասթափություն է. «Մարդիկ իրենց ձայնը տվել են, որ ավագանիները գնան՝ իրենց գործունեությունն իրականացնեն, իսկ նրանք անգործության են մատնվել: Ես՝ իմ լիազորությունները, ու համայնքապատկան մարմիններն իրենց գործունեությունը նորմալ աշխատանքային ռեժիմով իրականացնում են, որևէ քաղաքային տնտեսության ճյուղ իրենց չգալու պատճառով չի տուժում, բայց կարող են տուժել քաղաքի զարգացման հեռանկարը, քաղաքի ապագային վերաբերող խնդիրները»:

Մեր հարցին՝ եթե կառավարությունը ոչ իր օգտին որոշում կայացնի, այսինքն՝ դադարեցնի քաղաքապետի լիազորություններն ու նոր ընտրություններ նշանակի, ի՞նչ է պատրաստվում անել, նա այսպես պատասխանեց. «Ո՞րն է ոչ իմ օգտին որոշումը, իսկ ո՞վ է ասել, որ նոր ընտրությունների նշանակումն ինձ համար ոչ իմ օգտին որոշում է: Իմ լիազորությունները չեն դադարեցվում. ավագանու ժամկետն է կրճատվում, իսկ դա նշանակում է՝ նոր ընտրություններ, և որևէ մեկը չի ասել, որ դա ինձ ձեռնտու տարբերակ չէ: Այնպես որ, դա իմ դեմ կամ իմ կողմ չէ»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ մտածում է, որ նոր ընտրություններ եթե լինեն, նորից ի՞նքն է ընտրվելու Վանաձորի քաղաքապետ, նա պատասխանեց. «Ես ոչ մի բան չասացի մտածելու մասին, ուղղակի ասում եմ՝ ո՞վ է ասել, որ դա իմ դեմ է»:

Տեսանյութեր

Լրահոս