«Վանաձորում ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա». Քրիստ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համապատասխան գրություն է պատրաստել, որով կառավարությանը դիմելու է պահանջով՝ կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել: «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ևս միացել են այդ դիմումին, ու այսօր այն ներկայացվելու է կառավարությանը:
Դիմումի առնչությամբ Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն ասել է, որ հիմա որևէ իրավական հիմք չկա իր գործունեությունն այս պահին կասեցնելու և նոր ընտրություններ նշանակելու համար:
«Իրենց այդ հիմնավորումները կան, որ մեկ նստաշրջանի ընթացքում մեկ անգամ նիստ է եղել, բայց խնդիրն օրենքի տրամաբանության մեջ է, որ քաղաքի ղեկավարը պարտավոր է ամիսը մեկ անգամ նիստ գումարել, որոնք չեն եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը՝ հավելելով, որ Վանաձորի ավագանին ներկայիս կազմով անգործունակ է, քանի որ արդեն 3 ամիս Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել և որոշումներ ընդունել:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» ու նրա կոալիցիոն գործընկերները բոյկոտում են նիստերը: Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանու մեկ նիստ (հոկտեմբերի 10-ին), որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։
Քրիստ Մարուքյանն ասաց, որ խնդրի լուծման երկու տարբերակ կա. «Կամ պետք է ցույց տան, որ կա այդ մեծամասնությունը, և որոշումներ կայացնելու լիազորություն ունի այդ ավագանին, կամ համակերպվեն իրականության հետ, որ չկա մեծամասնություն, և հետևաբար՝ չպետք է լինի նաև քաղաքապետ տվյալ կուսակցության կամ տվյալ ուժի կողմից: ՏԻՄ օրենքում մի կետ էլ կա, որ 6 ամսվա անգործության պարագայում ավագանին ավտոմատ լուծարվում է, այդ դեպքում պայման դրված չէ՝ մի՞ նստաշրջանի ընթացքում, թե՞ երկու: Այսինքն՝ եթե այդ տրամաբանությունն աշխատում է, նույն օրենքի մասն է կազմում, նույն կերպ էլ այս դեպքում պետք է լինի: Կամ ամսի 10-ի նիստը համարենք ավագանու նի՞ստ. ի՞նչ որոշում է կայացվել այդ նիստի ընթացքում»:
Խոսելով կառավարությունից ունեցած ակնկալիքների մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այսպիսով կտեսնենք, թե վարչապետի հայտարարած բարեփոխումներ, փոփոխություններ անելու վերաբերյալ հայտարարությունները որքանով են ռեալ. «Փաստացի, հանրապետության երրորդ քաղաքն իրենց գործունեության արդյունքում հայտնվել է այս վիճակում, ու սպասում ենք՝ տեսնենք, թե իրենք ինչ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ»:
Հետաքրքրվեցինք, թե կառավարության բացասական պատասխանի դեպքում ինչ քայլեր են պատրաստվում անել: «Մի քանի օրից կլինի պատասխանը, ու ընթացքում մեր քայլերի մասին կասենք»: