Բաժիններ՝

«Մի երկու դեպք եղել է, որ զանգի պահից 15-20 րոպեում հասել ենք, հիվանդը մահացած է եղել». «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

2016 թվականին շտապօգնության ծառայությունը կատարել է 247496 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 49432 հիվանդ, մանկական կանչերի թիվը եղել է 25270, հիվանդանոց է տեղափոխվել  9109 երեխա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ հիմնական կանչերը եղել են սրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդների համար, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդություններով հիվանդների և տրամվաներով հիվանդների համար։

«2015 թվականի հետ համեմատած՝ մենք կատարել ենք ավել 9286 կանչ, և համեմատած 2015 թվականի հետ՝ սիրտ-անոթային հիվանդությունների տոկոսը պակասել է, բայց բարձրացել է սուր շնչառական հիվանդությունների և տրամվաների քանակը»,- նշեց Թ. Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ Ամանորի ընթացքում սննդային թունավորումներ ընդհանրապես չեն ունեցել այս տարի, կատարել են 7544 կանչ, որը 971 կանչով պակաս է, քան անցյալ տարի. «Մենք անցյալ տարի ամանորյա օրերին ունեցել ենք բազմաթիվ կանչեր, ինչպես նաև սուր շնչառական հիվանդությունների քանակն էր շատ ավելի, քան այս տարի։ Այս տարի ավելի հանգիստ օրեր ենք անցկացրել Նոր տարվա օրերին։  Ճիշտ է, կանչերը քիչ չեն եղել, բայց եթե համեմատում ենք անցյալ տարվա հետ, ավելի հանգիստ է անցել»։

Թ. Ստեփանյանի խոսքով՝ եթե 2010 թվականին օրը միջին հաշվարկով կատարում էին 400 կանչ, այսօր իրենք օրական կատարում են 700 կանչ միջինը։ Նա նաև նշեց, որ դեպտեմբերի 30-ից մինչև այսօր ունեցել են 24 տրամվաների դեպքերով կանչեր, ինչը, ըստ նրա, մեծ քանակ չէ՝ նախորդ տարիների հետ համեմատած։

Կարդացեք նաև

«Բնակչության կողմից ամանորյա օրերին բողոքներ չենք ստացել, ավելի շատ որոշ ուշացումների հետ կապված ունեցել ենք խնդիրներ։ Հիմնականում կանչն ընդունելիս արդեն կարգավարը կողմնորոշվում է, և առաջնային ուղարկում է այն կանչերին, որոնք մարդու կյանքի համար վտանգ են սպառնում»,- նշեց Թ. Ստեփանյանը։

Նա գտնում է, որ Շտապօգնության ծառայության վարկանիշը բարձրացել է, որովհետև այսօր «շտապօգնության մեքենան հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, ու բժիշկները հիմնականում կատարում են իրենց աշխատանքը բավականին պատշաճ»։

Հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ շտապօգնության ուշանալու պատճառով հիվանդը մահացել է, Թ. Ստեփանյանը պատասխանեց, որ լինում է մահ մինչև բրիգադի հասնելը, բայց դա չի նշանակում, որ հիվանդը մահացել է այն պատճառով, որ բրիգադն ուշացել է. «Ունեցել ենք դեպքեր, որ, ասենք, զանգի պահից 15-20 րոպում հասել ենք, մի երկու դեպք եղել է, որ հիվանդը մահացած է եղել»։

Թ. Ստեփանյանը նաև նշեց, որ անհետաձգելի կանչերի դեպքում բրիգադը պետք է հասնի 9-15 րոպեում։ Դիտարկմանը, թե կարգավարները կանչն ընդունելիս այնքան հարց են տալիս, որ մարդկանց նյարդերը քայքայվում են՝ Թ. Ստեփանյանն այսպես արձագանքեց.  «Մի քայքայվեք,  այդ հարցերը քմահաճույք չեն կարգավարի համար, ու դուք չպետք է անհանգստանաք նրա համար, որ ձեզ հարցեր են տալիս, եթե դուք շարունակում եք պատասխանել հարցերին, դա չի նշանակում, որ մեքենան դուրս չի գալիս այդ ընթացքում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս