«Մանդարինը, որ արժեր 400-600 դրամ, Ամանորից երկու օր առաջ արդեն 700-1000 դրամի էր հասնում»
«Նախորդ տարիների հետ համեմատած՝ այս տարի զգացվում էր նախատոնական իրարանցման պակասը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նա նկատեց, որ տոներից առաջ որոշ ապրանքատեսակների գնաճ նկատվեց, դրանք հիմնականում մրգերն ու բանջարեղենն էին. «Ցանկալի է նախօրոք սկսել առևտուրը, գոնե մի 10-15 օր առաջ, բայց, ինչպես միշտ, մեր ժողովուրդը սիրում է վերջին օրերին վերջնական առևտուրն անել, ու տեսանք՝ ինչ եղավ։ Մանդարինը, որ արժեր 400-600 դրամ, Ամանորից երկու օր առաջ արդեն 700-1000 դրամի էր հասնում, նույնը՝ բանանը, արքայախնձորը։ Այդ տատանումները մեզ մոտ ավանդական են դարձել, տնտեսվարողներն են այդ իրավիճակը ստեղծում, քանի որ դա այն ապրանքն է, որ հիմնականում տոն օրերին է վաճառվում, դրա համար մարդիկ սկսում են բարձրացնել գինը, որ գոնե այդ մի քանի օրվա մեջ գումար հավաքեն, որ մինչ հաջորդ տոները յոլա գնան»։
Կ. Չիլինգարյանի խոսքով՝ այս տարի զգացվում էր նախատոնական իրարանցման պակասը. «Նախորդ տարիներին տեսնում էինք, որ խանութներում տեղ չէր լինում տեղաշարժվելու, բայց այս տարի համեմատաբար ազատ էր։ Դա նշանակում է, որ առաջին հերթին՝ ժողովրդի գնողունակությունն է ընկել, երկրորդն էլ՝ մեզ մոտ արտագաղթը շարունակվում է, ինչը ևս ազդում է»։
Նա նկատեց, որ տոներից հետո, ինչպես միշտ, ապրանքները միանգամից էժանացան, որովհետև մնացած ապրանքներ կային. «Սկզբում գները բարձրացրեցին, ժողովուրդը չկարողացավ գնել, բայց հիմա արդեն խառնվել են իրար, իրարանցում է վաճառողների մոտ, շտապ վաճառում են, որ իրենց ապրանքը չմնա, դա էլ իրենց սխալ մարքետինգի քաղաքականությունն է»։
Թեև բանախոսը նշեց, որ ապրանքների որակական առումով առանձնակի փոփոխություն չկար այս տարի, միաժամանակ նկատեց, որ տոներին լինում է այնպես, որ անբարեխիղճ տնտեսվարողները տեղադրում են անորակ կամ վատ որակի ապրանքներ, որ ժողովուրդն այդ պահին ուշադրություն չդարձնի, միանգամից առնի։ Այս տարի Կ. Չլինիգարյանն անորակ կամ ժամկետանց ապրանքների չի հանդիպել, բայց նաև նշեց, որ որոշ ապրանքներ ցրտահարված էին։
Հարցին, թե ինչպե՞ս պետք է վերահսկվի շուկան, որ գների արհեստական բարձրացումներ և իջեցումներ չլինեն՝ Կ. Չիլինգարյանն այսպես պատասխանեց. «Մեզ մոտ շուկայական հարաբերությունները կարգավորող մարմին չկա, կարգավորողը միայն այն տնտեսվարողներն են, որոնք շուկայում մոնոպոլ դիրք են գրավում, իսկ ինչ վերաբերում է մնացած ապրանքներին, մեզ մոտ ավանդական է դարձել, որ այն անձինք, որոնք վերավաճառքով են զբաղվում, գնում են ապրանքը, և այն ապրանքը, որն ամբողջ տարվա ընթացքում չի վաճառվում, տոն օրերին են վաճառում, բարձրացնում են գները, որպեսզի մի քիչ գումար հավաքեն մինչև հաջորդ տոները. դա արդեն դժվար է վերահսկել, դա մի քիչ կուլտուրայի հետ է կապված։ Մաքսատներում էլ խնդիր կա, որովհետև ես լսել եմ, որ որոշ տնտեսվարողներ իրար մեջ խոսում են, թե իրենցից ավելորդ դրամ են շորթում, դա էլ է մեզ մոտ խնդիր»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։