Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում հարիսա են մատուցում
Հունվարի 9-ը հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ «Այսօր Փարաջանովի մտերիմները, թանգարանի աշխատակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն ռեժիսորի գերեզմանին, այնուհետև թանգարանում հարիսա պատրաստեցին` նշելով մեծն վարպետի տարեդարձը: Այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի աշխատակցուհի Մեդա Դալալյանը:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովն ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։
Այնուհետև սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։
Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։
Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել ժամանակի մեծագույն ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինին, Անդրեյ Տարկովսկին և այլք:
Հանրությանը հայտնի են նրա «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Արա Գեղեցիկ» և այլ ֆիլմերը: Փարաջանովն արժանացել է միջազգային, հայրենական պարգևների և բազմաթիվ մրցանակների: