
«Մոսկվան մտադիր է կրճատել նավթի մատակարարումը Բելառուս․ «Կոմերսանտ»

Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը մտադիր է 2017թ․ առաջին եռամսյակում 12 տոկոսով կրճատել նավթի մատակարարումը Բելառուս, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ համաձայն գրաֆիկի, որը ներկայացվել է բելառուսական կողմին դեկտեմբերի 28-ին, մատակարարումների ծավալը կկազմի 4 մլն տոննա՝ պլանավորված 4.5 մլն-ի փոխարեն։
Ինչպես գրում է «Կոմերսանտը», այդ մասին որոշումը կայացվել է այն բանի պատճառով, որ կողմերին մինչև անցած տարեվերջ չի հաջողվել լուծել Մինսկի՝ գազի պարտքի վճարման խնդիրը։
Անցած շաբաթ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը որոշում էր կայացրել 7.7 տոկոսով բարձրացնել նավթի տարանցման սակագները խողովակատարերի համար՝ 1 տոննայի դիմաց 267,32 ռուբլուց սահմանելով 287,90 ռուբլի։
Նոր սակագները գործելու են փետրվարի 1-ից։
Բելառուս սպառողների համար գազի գնի մասին բանակցություները շարունակվում են 2016-ի սկզբից։