Բաժիններ՝

«Թշնամին մեր միասնականությունից ավելի է վախենում, քան մեր զինատեսակներից». Դավիթ Ամալյան

Ստեղծագործական առումով, մյուս տարիների համեմատ, անցնող տարին վատն էր։ Այս տարին ստեղծագործելու տարի չէր։ Ապրիլն այնպես չարեց, որ ստեղծագործեինք։ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցնող տարում կատարված իրադարձություններին՝ ասաց Արցախյան պատերազմի մասնակից, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

«Աստիճանաբար ադապտացվում ենք։ Տա Աստված, որ մյուս տարի պատերազմը  չկրկնվի: Թշնամին մեր միասնականությունից ավելի է վախենում, քան մեր զինատեսակներից։ Մեր միասնականությունն ամենաուժեղ զենքն է։ Իրենք դա շատ լավ գիտակցում են։ Նրանք տեսան դա ապրիլին, դրա համար էլ պատերազմը չշարունակվեց»,- հույս հայտնեց երգիչը։

Դավիթ Ամալյանի խոսքով՝ ապրիլյան դեպքերն իր համար անսպասելի չեն եղել։ «Անսպասելի չէր, պարզապես շատ ցավալի էր։ Հոգնել ենք այդ ամեն ինչից, բայց դե, հիմա ճակատագիրը մեզ դրան է բերում, մենք ոչինչ անել չենք կարող»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում ինքը բազմիցս եղել է Արցախում, բայց կռվին չի մասնակցել, դիրք չի պահել։

Կարդացեք նաև

«Պարզապես ընկերներիս կողքին եմ եղել։ Ավելի շատ սթրեսային վիճակ էր, որը չէր տրամադրում ստեղծագործելուն»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ եղել են ելույթներ բանակի համար, նաև մենահամերգ է ունեցել «Գոյ» թատրոնում։

Նոր տարում նա սեր մաղթեց բոլորին։

«Սա վերամբարձ բառ չէ։ Սա բոլոր մաղթանքների մաղթանքն է։ Եթե սեր ունենանք, միասնական լինենք, խաղաղ կլինենք։ Դուխով լինենք։ Դուխով լինելն էլ է սիրուց գալիս, առողջությունն էլ, միասնականությունն էլ։ Սիրել է պետք։ Մարդիկ պետք է սոցիալական խնդիրները չլցնեն դիմացինի գլխին, այլ սիրով լցվեն»,- խոսքը եզրափակեց երգիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս