Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրերը լինելու են ամենավճռականը

Դոնալդ Թրամփը երկու շաբաթից կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, եւ առաջին 100 ամենավճռական օրերին ունենալու է այսպես ասած ոսկե հնարավորություններ, քանի որ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները։ Սակայն արդյո՞ք բոլոր հանրապետականներն են ընդունում Թրամփի բոլոր գաղափարները։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի նոր նախագահի համար պաշտոնավարման առաջին 1ՕՕ օրերին հաջողությունը գնահատվելու է առաջին մի քանի ստորագրություններով։

Ինչպես «American Enterprise» հաստատության վերլուծաբան Նորմ Օրնստայնն է ասում, Դոնալդ Թրամփը նախ պիտի փորձի իրականացնել իր խոստացած հարկային մեծ կրճատումները։

«Բայց մյուս կողմից պիտի մեծացնի պաշտպանության բյուջեն եւ պիտի առաջին 1ՕՕ օրերի ընթացքում կարողանա հաղթանակ հայտարարել իր խոստումների իրականացման ճանապարհին»։

Ամերիկացի հատկապես այն ընտրողները, որոնց քվեարկության արդյունքում հաղթանակ տարավ Թրամփը, հաջողությունը գնահատելու են առաջին հերթին ներգաղթի առաջն առնելու, տնտեսությանը զարկ տալու եւ պետական ծրագրերը կրճատելու ճանապարհին Կոնգրեսի կողմից իրականացվող քայլերով։

Կոնգրեսի կողմից առաջին քայլը կարող է իրականացվել նույնիսկ մինչեւ Թրամփի նախագահական երդումը։ Այն կարող է չեղյալ հայտարարել Օբամայի առողջապահական ծրագիրը։

Սակայն Սենատում տեղերի միայն չնչին առավելությամբ, հանրապետականները զգուշավորություն կցուցաբերեն Օբամաքեըրի ամենակարեւոր հատվածները չեղյալ հայտարարելու հարցում, որպեսզի այլ նախագծերի ժամանակ դեռեւս ունենան քաղաքական կապիտալ։

Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի խոսքերով.

«Սենատում բավարար թվով դեմոկրատներ կլինեն, որոնք կկարողանան փչացնել այդ գործընթացը»։

Ինչ վերաբերում է Թրամփի կառավարության անդամներին, նրանց թեկնածությունները դրվելու են Սենատի հաստատմանը։ Երկու կուսակցություններն էլ ունեն իրենց կողմից պատրաստված սուր հարցեր թեկնածուների համար, որոնցից շատերը չունեն պետական համակարգում աշխատանքային որեւէ փորձառություն։

Դեմոկրատները պիտի պայքարեն նաեւ պետական հատկացումներն ու նպաստները կրճատելու հարցում Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընի ծրագրերի դեմ։

Ինչպես Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին է ասում. «Կոնգրեսում դեմոկրատները եւ ամբողջ երկրում միլիոնավոր ամերիկացիներ հստակ պիտի գոչեն՝ ձեռքերդ հեռու Մեդիքերից»։

Եթե Ներկայացուցիչների պալատը գնա այդ քայլին, այն ինչ որ կերպ կխախտի ֆինանսական օժանդակության ծրագրերը պահպանելու Թրամփի խոստումը։ Ինչ վերաբերում է առեւտրային հարցերին, ապա Թրամփը կարող է կանգնել նույնիսկ իր կուսակցության կողմից ուժեղ ընդդիմության առջեւ։

Նորմ Օրնստայնի խոսքերով. Կոնգրեսում մեծաթիվ հանրապետականներ կան, որոնք դեմ են Թրամփի տված մի շարք խոստումներին։

Այդ պատճառով ամենագլխավոր հարցն այսօր այն է, թե որքան միասնական կարող են հանրապետականները լինել Թրամփի նախագահության առաջին 100 օրերի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս