Աշխատանք գտնելու գլխավոր միջոցը Հայաստանում մնում է ծանոթ-բարեկամներին դիմելը
2015 թվականին Հայաստանի գործազուրկների մեծ մասը՝ 39.6%-ը, աշխատանք գտնելու համար դիմել են ծանոթների և բարեկամների օգնությանը։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016 զեկույցի տվյալները»։
Զեկույցը հրապարակվել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, սակայն արդյունքները 2014-2015 թվականներին են վերաբերվում։
Նույն զեկույցի տվյալները վկայում են, որ տղամարդիկ ծանոթներին աշխատանք գտնելու հարցով ավելի շատ են դիմում, քան կանայք (45.7%-ը՝ 33.9%-ի դիմաց)։
Ընդ որում, աշխատանք գտնելու այս եղանակը ավելի տարածված է դառնում։ 2014 թվականին այդ կերպ փորձել են աշխատանք գտնել 30.2%-ը, իսկ 2015-ին, ինչպես նշեցինք, 39.6%-ը։
Աշխատանք գտնելու հաջորդ տարածված միջոցը անմիջապես գործատուին դիմելն է՝ 23.6%։ Գործազուրկների 18.3%-ն էլ աշխատանք գտնելու համար կանոնավոր հետևել է հայտարարություններին։
Զբաղվածության պետական ծառայությանը աշխատանք գտնելու համար 2015 թվականին դիմել են գործազուրկների 6.6%-ը աշխատանքի տեղավորման գործակալություններ՝ 4.7%-ը։ Ընդ որում, երկու դեպքում էլ 2014-ի համեմատ նվազում կա. զբաղվածության պետական ծառայություն դիմումները 2014 թվականին կազմել են 10.1%, իսկ աշխատանքի տեղավորման գործակալություններ՝ 11%։