Ինչպիսի՞ն էր անցնող տարին շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար
Ցուրտ քամիներով լի տարին մոտենում է ավարտին՝ իր հետ տանելով այն ամենը, ինչ հասցրեց բերել մեր կյանք և տանել մեր կյանքից: Տարօրինակ «ցուրտ» էր այս տարին հայերիս համար, հատկապես՝ ապրիլին… Սակայն մարդն ի վերուստ ասես օժտված է պայքարելու, ցավը հաղթահարելու գենետիկ կոդով, քանի որ յուրաքանչյուրիս ցանկություններից ամենահզորը, միանշանակ, ապրելու, լինելու, «շարունակվելու» ցանկությունն է: Եվ տարին ամփոփելով՝ պարզորոշ է դառնում, որ առաջին հայացքից անհետաքրքիր թվացող 365 օրերը բավականին հագեցած են եղել: Այլ հարց է, թե ինչպիսի՞ հուշերով, իրադարձություններով և գույներով էր հագեցած տարին: Մենք զրուցեցինք հայկական շոու-բիզնեսի և հեռուստատեսության հայտնի ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսի՞ն էր տարին նրանց համար:
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյան. «Այս տարին իմ երկրի համար կարմիր էր՝ արյուր շատ կար»
Մեզ հետ զրույցում պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս տարին անձնական դաշտում բացասական է եղել: «Այս տարի ես մեծ ցավ եմ ապրել, քանի որ կյանքից հեռացավ հայրս: Ես կորցրեցի մի մարդու, ով ինձ համար ամեն ինչ էր: Այս ցավը չեմ մոռանա իմ ողջ կյանքում»,- անկեղծանում է Արմենը:
Գործնական բնագավառում տարին պրոդյուսերի համար հագեցած էր ձեռքբերումներով:
«Այս տարի «Ֆուլ հաուսը» ստանձնել է սիտքոմների առաջատարի դերը: Եվ ԱՄՆ-ում կայացած «Պան Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն սիտքոմ անվանակարգի: Բացի այդ, այս տարի՝ 16 տարի անց, հավաքվեցինք КВН-ի «Նոր հայեր» թիմով՝ Կրեմլի դահլիճում, КВН-ի 55-ամյակին նվիրված խաղին մասնակցելու: Ավելին՝ ստացանք մրցանակ»,- նշում է Արմենը:
Արմենին և մեր բոլոր զրուցակիցներին առաջարկեցինք ընդհանրացնել տարին ամփոփող մեկ գույնով:
«Այս տարին իմ երկրի համար կարմիր էր՝ արյուն շատ կար: Կցանկանամ, որ իմ երկրում նման բաներ երբեք չլինեն: Ես ուզում եմ, որ Հայաստանը միշտ ունենա կապույտ երանգը»,- նշեց նա:
«Ուզում եմ, որ ոչ մի մայր զավակ չկորցնի, սև չհագնի».
պարուհի, հաղորդավարուհի՝ Մարինե Մարտիրոսյան
«Իսկապես ժամանակը սարսափելի արագ է սլանում: Ի ուրախություն ինձ, այս տարի հիշելու իրադարձությունները շատ ավելին են, քան նրանք, որոնց մասին կցանկանայի մոռանալ: Սիրում եմ ընտանիքիս հետ անցկացրած այս տարվա յուրաքանչյուր օրը՝ ձագուկներիս մեծանալը, նրանց ամեն նոր բառը, նոր ժեստը, նրանց ուրախությունն ու չարաճճիությունները, եթե անգամ բարկացնում են: Մոռանալու բան գրեթե չկա, բացի… Վերջերս հայտնվեցի պայթյունավտանգ իրավիճակում: Նոյեմբերի 3-ն էր:
Մոսկվայի գեղեցիկ դահլիճներից մեկում համերգ էր, որին ես նույնպես մասնակցում էի: Վեց տարի դադարից հետո պետք է նորից բեմ բարձրանայի: Բարձրացա, պարեցի, անսահման երջանիկ էի: Բայց անմիջապես իմ ելույթից հետո ոստիկանները դահլիճ մտան և դադարեցրեցին համերգը: Ասացին, որ պետք է լքել շենքը: Բոլորիս էվակուացրեցին: Դժվար ու անտանելի էր այն պահը, երբ ես ետնաբեմում էի, իսկ ամուսինս աղջկաս հետ դահլիճում էր: Եվ հնարավոր չէր կապ հաստատել նրանց հետ: Փառք Աստծո, երկար չտևեց. շուտ գտանք իրար և դուրս եկանք շենքից: Ի վերջո, պարզվեց, որ կեղծ ահազանգ էր, սակայն Ոստիկանությունն իրավունք չուներ չէվակուացնելու: Ես վախկոտ մարդ չեմ, բայց այդ օրը վախեցել էի բոլորիս համար՝ նույնիսկ տղայիս, որ այդ պահին տանն էր… Ա՛յ դա կցանկանայի մոռանալ»,- նշում է Մարինեն:
Այս տարվա ձեռքբերումներից է համարում կրկին բեմ բարձրանալը, իսկ բացթողումը՝ հայրենիք չգալը: Մարինեի համար անցնող տարին սպիտակ գույն ունի:
«Ասում են՝ սպիտակ գույնի մեջ բոլոր գույները կան… Կա նաև սևը: Ինչպես ասում են՝ սև գծին հաջորդում է սպիտակը: Կուզեմ այս տարվա բոլոր վառ գույները տանել հաջորդ տարի: Բոլորը, բացի սևից: Ուզում եմ, որ էլ ոչ մի կորուստ չունենա մեր ազգը, ոչ մի մայր զավակ չկորցնի, սև չհագնի: Խաղաղություն եմ մաղթում, առողջություն և բարեկեցություն իմ հայ ժողովրդին»,- ասում է Մարինեն:
«Ինձ համար նա շարունակում է ապրել». հաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյան
«Տարվա մեջ շատ հետաքրքիր և անմոռանալի պահեր են եղել: Ամենատպավորիչն ինձ համար մեր մտերիմ ընկերների կողմից, ընտանիքիս համար, կազմակերպած անակնկալ weekend-ն էր՝ քաղաքից դուրս: Ուշագրավ էր, որ հրավիրված էր նաև լուսանկարիչ, ով այդ ամենն անմահացնում էր»,- պատմում է Լիաննան: Հաղորդավարուհու համար այս տարին առանց կորուստի չի եղել:
«Այս տարին ԱՄՆ-ում վաղաժամ կյանքից հեռացավ հարազատ ավագ հորեղբայրս: Ինձ համար նա շարունակում է ապրել»,- ասում է նա: Տարվա բացթողումների մասին խոսելիս՝ Լիաննան նշում է, որ բացթողումներ չի մտաբերում, իսկ դա իր հերթին՝ նշանակում է, որ ինչ էլ եղել է, ազդեցիկ բացթողում չի եղել: «Անցնող տարին ինձ համար վարդագույնի երանգների մեջ էր: Կապիկի տարին ինձ հաճելի անակնկալներ էր պատրաստել: Տեղ-տեղ նաև կանաչ գույն կար, դա իմ առջև դրված նպատակների իրականացումն էր: Նաև երկնագույն կար՝ այն երազանքներն են, որոնք անցնող տարվա մեջ ես ունեցա և որոնց իրականացումն ակնկալում եմ գալիք՝ Աքլորի տարվա մեջ»,- հույս է հայտնում Լիաննան: