«Կցանկանայի մոռանալ ապրիլը: Բայց ապրիլը պետք էր…». Էրիկ Անթառանյան

Ամփոփելով տարին՝ մենք զրուցեցինք հաղորդավար և պրոդյուսեր Էրիկ Անթառանյանի հետ, ով պատմեց մեզ իր ամենամեծ երազանքի մասին, որը, հուսով է, կիրականանա 2017 թվականին և հավերժական բնույթ կկրի:

«2016-ն ամփոփելով՝ կնշեի ապրիլը և կցանկանայի մոռանալ ապրիլը: Բայց ապրիլը պետք էր: Մենք նիրհի մեջ էինք, արթնացանք, նոր զարթոնք ապրեցինք, վերարժևորեցինք շատ բաներ, բայց ունեցանք զոհեր: Ապրիլը մոռանալ չի լինի՝ ցավոք»:

Անդրադառնալով ընտանեկան, անձնական հաջողություններին և բացթողումներին՝ Էրիկը պատմեց մեզ իրենց նոր բնակարանի մասին:

«Այս տարի մենք նոր բնակարան ունեցանք: Սիրով և ջերմությամբ լցրեցինք այն: Բացթողումնե՞ր: Երևի այն, ինչ չհասցրեցինք  անել այս տարի: Շնորհակալ եմ Աստծուն՝ զավակներիս, մորս, կնոջս, ընկերներիս և հարազատներիս ողջ և առողջ կողքիս տեսնելու համար»:

Կարդացեք նաև

Erik

Erik1

Պարզվում է՝ Էրիկն ունի նաև շատ կարևոր և ամանորյա պայմանավորվածություն ընտանիքի անդամների հետ.

«Երբ բոլորը խոհանոցային մրցավազքի մեջ են, ես առանձնանում եմ և խորհում՝ մնում ինքս իմ մտքերի հետ: Վերհիշում եմ անցնող տարին և կազմում պլաններ՝ հաջորդ տարվա համար: Եվ այժմ արդեն վերհիշելով տարին, կասեմ, որ մուգ էին գույները: Շատ էր կարմիրը: Մենք իրավունք չունենք այլևս ոչ մի կաթիլ բաց թողնելու՝ այդ կարմիրը խտացնելու համար, անգամ, եթե դա արվում է ազատ «կապույտ»-ի համար: Տա Աստված՝ 2017-ը մեր գլխավերևում միշտ խաղաղ «կապույտ» ապահովի՝ առանց մի կաթիլ «կարմիր»-ի, իսկ «ծիրանագույնն» էլ առատ լինի բոլորիս ընտանիքներում: Մի երազանք ևս ունեմ: Տեսնել հզոր, հայերով խիտ բնակեցված, տնտեսապես անկախ և զորեղ բանակով Հայաստան, որն այլևս սփյուռքի հարցերով զբաղվող  նախարարության կարիք չունի, քանի որ բոլորը դարձել են տուն: Բոլորը տանն են՝ հայրենիքում: Թող որ դա իրականություն դառնա 2017-ին»,- երազում է Էրիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս