Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նշելը նախազգուշացում է Ադրբեջանին. քաղաքագետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառն ընդգծելը պատահական չէ: Դա նախազգուշացում է Ադրբեջանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ադրբեջանին ցույց տալու համար, թե ինչ քայլերի կարող է գնալ կազմակերպությունը, ընդ որում, կազմակերպության որոշ անդամ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, հայտարարության մեջ նշվում է Լեռնային Ղարաբաղ Հանրապետություն բառը: Դա նախազգուշացում է Ադրբեջանին, որ սահմանային նման գործողությունները կարող են ունենալ որոշ իրավական, քաղաքական հետևանքներ»,-ասաց Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սադրիչ գործողություններին` Սերգեյ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանը օգտվում է տոնական շրջանից և փորձում է ցույց տալ, որ սահմանային լարվածությունը շարունակվում է, խաղաղությունը չի պահպանվում, ռազմական սպառնալիքները դեռ կան:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: