
Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը կտրուկ ավելացել է

Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում այս տարի կտրուկ ավելացել է։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխնախարարի փոխանցմամբ, Լեդ լամպերի ներմուծումը ավելացել է 20 անգամ։ Մասնավորապես նախորդ տարվա շուրջ 76 հազարի դիմաց 2016թ. Հայաստան է ներմուծվել 1 մլն 550 հազար էներգախնայող լամպ։ Արևային ֆոտովոլտային պանելների ներմուծումն ավելացել է 3-4 անգամ։ Նույն պատկերն է նաև արևային ջրատաքացուցիչների ոլորտում.
«Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու»,- նշել է Հարությունյանը։ Նրա խոսքով` նման վստահության համար հիմք են հանդիսացել մասնավոր հատվածի հետ շփումները: «Միայն «Գրանդ Սպորտ» ընկերությունը պատրաստվում է մինչև մայիս տեղադրել արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածշրջանում»,- հայտնել է նա։