«Էվոլյուցիոն լուծումները կփոխարինվեն արմատական լուծումներով». Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչ այժմ սոցիալական համակարգերի խնդիրներին էվոլյուցիոն լուծումներ են փորձել տալ, քանի որ այդ համակարգը ոչ միայն բնակչության խոցելի խմբերին է առնչվում, այլև ինքնին խոցելի է:
Ըստ նրա` բժշկասոցիալական ոլորտում առկա խնդիրների հետ կապված ևս փորձել են էվոլյուցիոն լուծումներ տալ` վերացնելով պատճառները: Ա.Ասատրյանի խոսքով` հունվարին պետք է կառավարությանը ներկայացնեն ըստ կարիքի գնահատված ծառայությունների փաթեթ. «Հաշմանդամություն ունենալը և հիվանդ լինելը տարբեր բաներ են, և պետք է տարանջատել, բայց չափորոշիչների ոչ հստակ լինելը տեղ է տալիս ռիսկերի: Արմատական փոփոխությունների առաջարկություններ ենք ներկայացնելու` դիմումները և փաստաթղթերն ընդունելը և որոշում կայացնելը տարանջատելու, տարածքային հանձնաժողովներն ամբողջությամբ լուծարելու համար»:
Նախարարը նշեց, որ հ/կ-ներին և բժիշկներին հնարավորություն էր տրվել մասնակցել փորձաքննությունների ժամանակ հանձնաժողովների նիստերին. «Բայց այս էվոլյուցիոն ճանապարհն այլևս չի բավարարում, որովհետև տարիներ շարունակ եղած խնդիրները չեն լուծվում: Հետևաբար` հանձնաժողովներում այլևս չեն իրականացվելու փորձաքննություններ: Կլինի կենտրոնացված մարմին, որը կիրականացնի փաստաթղթային փորձաքննություն և 30% դեպքերում հնարավոր կլինի փաստաթղթերի միջոցով որոշում կայացնել»:
Ըստ Ա.Ասատրյանի` սա բարձրացնում է նաև բուժհաստատությունների պատասխանատվությունը, քանի որ շատ դեպքերում փաստաթղթերը և զննությունը տարբեր արդյունքներ էին տալիս: Նա նշեց, որ Առողջապահության նախարարության հետ պատվիրակելու են այդ լիազորությունը հատուկ առողջապահական կազմակերպությունների, որոնց առջև շատ խիստ պահանջներ կդրվեն: Նրա կարծիքով` սրա արդյունքում մի շատ կարևոր խնդիր է նաև լուծվում, քանի որ շատ դեպքերում քաղաքացիները փորձաքննության գալիս լրացուցիչ ուղեգրվում էին բուժհաստատություններ, իսկ այժմ այդ լրացուցիչ փորձաքննության օղակը վերացվում է:
«Այն հիմնական օղակները, որտեղ խնդիրներ կային, մեր կարծիքով՝ վերացնում ենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ սկզբունքորեն նոր իրավիճակ կլինի:
Անդրադառնալով կենսաթոշակների խնդրին` Ա.Ասատրյանը նշեց, որ չի կարող ցուցակներում կեղծ տվյալներով կենսաթոշակառու հայտնվել, բայց խնդիր կա ստաժների հաշվարկման հետ կապված, հատկապես՝ մինչև 2004թ. աշխատողների հետ կապված, երբ չկար անձնական հաշվառման համակարգ: Նախարարը նշեց, որ աշխատանքային գրքույկների թվայնացման արդյունքում այդ խնդիրը կլուծվի: