ՀՅԴ-ում այս պահին դաշինքի հարց չի քննարկվում
«99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ այս պահին դաշինքի հարց չի քննարկվում, բայց չբացառեց ոչ մի բան. «Քաղաքականության մեջ երբեք մի ասա՝ երբեք»։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների կազմած «Ելք» դաշինքին՝ Ա. Վարդանյանն ասաց, որ այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կգտնեն խորհրդարանում, հնարավորություն կունենան զարգանալու, աճելու, ընդլայնվելու ու ազդեցություն ունենալու, իսկ մյուսները կփորձեն միավորվել, դաշինքներ կազմել:
Նա շատ գովելի ու ողջունելի համարեց ցանկացած միավորում, դաշինք ստեղծելու փորձ. «Մենք իշխանություն ենք, թե ոչ, կապ չունի, մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության մեծ ներկայության, բալանսի ու հակազդեցության, հնարավոր չէ երկիրը զարգացնել: Այնպես որ, ողջունում ու բարի ճանապարհ ենք մաղթում դաշինքներին»։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ՀՅԴ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Կախված ընտրությունների արդյունքներից՝ կխոսենք այդ մասին։ Մեր համաձայնագիրն անժամկետ է, ու, եթե ԱԺ ընտրությունները հնարավորություն կտան, մենք ունենք խնդիրների հսկայական շրջանակ, որոնք կարող ենք լուծել»։